Կաշառք ստանալու համար մեղադրանքներ են ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթի պաշտոնյաներին

Կաշառք ստանալու համար մեղադրանքներ են ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթի պաշտոնյաներին

PanARMENIAN.Net - Հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում վերջինիս վարչական պատասխանատվության չենթարկելու համար, 2024 թվականի հուլիսին և դեկտեմբերին նրանից ստացել են ընդհանուր 400,000 ՀՀ դրամ կաշառք, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում է, որ նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պետը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ հագուստի խանութի արտաքին պատին ապօրինի ամրացված գովազդի համար համապատասխան թույլտվություն ստանալու գործընթացը կազմակերպելու և սահմանված չափանիշներին չհամապատասխանող գովազդը չապամոնտաժելու համար 2024 թվականի մայիսի 31-ին հիշյալ խանութի սեփականատիրոջից ստացել է կաշառք:

Նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ):

Կաշառք ստանալու համար Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կաշառք ստացած երեք պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---