Լուազո․ Ակնկալում եմ Բաքվից հստակ հանձնառություն՝ գործընթացն ավարտին հասցնելու և համաձայնագիրը ստորագրելու

Լուազո․ Ակնկալում եմ Բաքվից հստակ հանձնառություն՝ գործընթացն ավարտին հասցնելու և համաձայնագիրը ստորագրելու

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոն հայտարարել է, որ լիովին սատարում է Հայաստանի գործադրած ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, միաժամանակ հույս հայտնելով, որ Բաքուն նույնպես նույն մոտեցումը կցուցաբերի։

ԵԽ պատգամավորը կարևոր հանգրվան է համարել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնագրի վերջնականացումը, հայտնում է Արմենպրեսը։

«Ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության օգտին ձեռնարկվող շարունակական ջանքերին։ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնագիրը շատ կարևոր հանգրվան է։ Ես ակնկալում եմ Բաքվի կողմից հստակ հանձնառություն՝ գործընթացն ավարտին հասցնելու և համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,– շեշտել է Նատալի Լուազոն։

Լուազոն անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանը և երկխոսության ընդլայնված օրակարգին։ Այս համատեքստում նա նշել է, որ 2024 թվականի հունիսի 29-30-ին Հայաստան այցելած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը վկայում է այդ ամրապնդման մասին։

«Հայաստանը և Եվրոպական Միությունն ակնհայտորեն ամրապնդում են հարաբերությունները։ Նրանք դա անում են, քանի որ երկու կողմն էլ մեծապես աջակցում են ամուր գործընկերությանը։ Սա ժողովուրդների կամքով պայմանավորված դիվանագիտական քայլի հազվագյուտ և հստակ օրինակ է։ Կայա Կալասի այցը Երևան այս միտման բնական հետևանքն է»,– ընդգծել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։

Մարտի 13-ին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ վերջնական համաձայնության հասնելու մասին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Բաքվի հետ սկսել բանակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետի ու վայրի շուրջ։ Սակայն համաձայնություն հայտնելուց հետո Ադրբեջանը հանդես է եկել նոր նախապայմաններով։

Մասնավորապես, Բաքուն պնդում է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, այդ իսկ պատճառով այն անհրաժեշտ է փոխել։ Բացի այդ, ադրբեջանական կողմը պահանջում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---