Երուսաղեմում հրապարակ է անվանակոչվել լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով

Երուսաղեմում հրապարակ է անվանակոչվել լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով

PanARMENIAN.Net - Երուսաղեմի քաղաքային իշխանությունները քաղաքի հրապարակներից մեկն անվանակոչել են հայազգի լուսանկարիչ Էլիա (Եղիա) Կահվեջյանի անունով։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Երուսաղեմի հայ համայնքի անդամ Գեղամ Բալյանը։

«Էլիա Կահվեջյանի անվան հրապարակ. Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ, Երուսաղեմի սիրահար», – գրված է ցուցանակի վրա։

Էլիա Կահվեջյանը ծնվել է Ուրֆայում։ 1915ն, երբ նա ընդամենը 5 տարեկան էր, ականատես է եղել Ուրֆայի հայերի ընդվզմանը թուրքական բանակի դեմ, որի պատճառը հայերի սպանությունների մասին լուրերն էին։ Նրա հայրը և եղբայրներից մեկը սպանվել են, իսկ ողջ մնացած հայ բնակիչները, այդ թվում՝, երեխաներն ու կանայք, ստիպված են եղել անցնել Դեր Զորի անապատով։ Էլիայի մայրը, փորձելով փրկել որդուն, նրան հանձնել է մի անծանոթ քրդի, որը տղային երկու ոսկով վաճառել է դարբնի։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Էլիան, ինչպես շատ հայ որբեր, հայտնվել է Նազարեթում գործող ամերիկյան Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի մանկատներից մեկում։ Այդտեղ հայ աշխատակիցներից մեկը նրան ծանոթացրել է լուսանկարչության արվեստին, որն էլ դարձել է Էլիայի կյանքի գործը։ Մանկատնից դուրս գալուց հետո նա հաստատվել է Երուսաղեմում և հիմնել սեփական լուսանկարչատունը։

Նրա ստեղծած ժառանգությունը մինչ օրս պահպանվում է թոռան՝ Էլիա Կահվեջյանի կողմից Երուսաղեմի Հին քաղաքում գործող «Elia Photo Service» անվանումով լուսանկարչատանը։

Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---