Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱԵ շուրջ զարգացումների վերաբերյալ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱԵ շուրջ զարգացումների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակվել է կառույցի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայի անունից։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության կապակցությամբ։ Հայ առաքելական եկեղեցին յուրահատուկ և հարգված տեղ ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային քրիստոնեական ընտանիքի էական և անփոխարինելի անդամ է, որը խորապես նպաստում է էկումենիկ շարժմանը»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։

Ըստ խորհրդի, սրբազան վայրերում ուժի կիրառման և հոգևորականների ձերբակալման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության վերաբերյալ։

«Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որ հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին: Լեզուն, որը կարող է ընկալվել որպես թշնամական կամ արհամարհական կրոնական համայնքների նկատմամբ, վտանգում է խորացնել հասարակական բաժանումներն այն ժամանակ, երբ միասնությունն ու փոխըմբռնումն ամենաանհրաժեշտն են»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Այս համատեքստում ԵՀԽ-ն հորդորել է Հայաստանի իշխանություններին՝ ապահովել կրոնական առաջնորդների և հաստատությունների անվտանգությունը, արժանապատվությունը և օրինական իրավունքների պահպանումը, խուսափել այն գործողություններից կամ ձևակերպումներից, որոնք կարող են ընկալվել որպես կրոնական կառույցների թիրախավորում կամ հակադրություն հրահրող հայտարարություններ, պահպանել հավատքի ազատ իրագործման և օրենքի պահանջների սկզբունքները, ինչպես նաև խրախուսել պետական մարմինների ու կրոնական համայնքների միջև բաց և արդյունավետ երկխոսություն։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու անսասան դերը վաղուց նպաստել են հայ ազգի հոգևոր կյանքին և դիմակայունությանն ու համաշխարհային քրիստոնեական եղբայրությանը։ Մենք շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների շրջանում իմաստության և խորաթափանցության, հոգևորականության և հավատացյալների բարեկեցության, ինչպես նաև արդարության, խաղաղության և բոլորի նկատմամբ հարգանքի վրա հիմնված լուծման համար։ Այս կարևոր պահին մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ գործել պատասխանատվությամբ, զգայունությամբ և արժանապատվությունը, երկխոսությունը և խաղաղ համակեցությունը պահպանող արժեքների նկատմամբ համատեղ հանձնառությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբոքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակիկողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---