Միրզոյանը՝ ChinaDaily-ին․ ՀՀ–ն կենտրոնացած է իր շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու վրա

Միրզոյանը՝ ChinaDaily-ին․ ՀՀ–ն կենտրոնացած է իր շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու վրա

PanARMENIAN.Net - Հայաստանը կենտրոնացած է իր շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու և իր տնտեսությունը միջազգային գործընկերների հետ զարգացնելու վրա՝ նպատակ ունենալով նպաստել հայ ժողովրդի բարգավաճմանը։ Այդ մասին հունիսի վերջին Պեկին կատարած այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է չինական ChinaDaily-ին տված հարցազրույցում։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այսօրվա համաշխարհային բարդ և փոփոխական միջավայրում, պատասխանատու պետությունների առջև ծառացած է ընդհանուր սկզբունքների պահպանումը և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված ջանքերի կարևորությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք կենտրոնացած ենք Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու և մեր տնտեսությունը միջազգային գործընկերների հետ զարգացնելու վրա՝ մեր ժողովրդի բարգավաճմանը նպաստելու համար։ Ռազմավարական տեսլական հանդիսացող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես Ասիայի և Եվրոպայի միջև չեզոք և արդյունավետ տարանցիկ հանգույց։ Այն կարող է լրացնել ավելի լայն միջազգային շրջանակներն, այդ թվում՝ Չինաստանի կողմից առաջարկված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և նպաստել տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը»,-ասել է Միրզոյանը։

Միրզոյանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի շուրջ կայունություն հաստատվելուն զուգահեռ երկիրը կարող է վերածվել կարևոր տարանցիկ միջանցքի՝ միավորելով Չինաստանը և Եվրոպան։

Նա հավելել է, որ Երևանի և Պեկինի տեսակետները շատ հարցերում համընկնում են։ Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը պատկանում է այն պետություններին, որոնք իրենց հենում են արդարությանն ու օրենքին առնչվող միջազգային կարգի վրա։

«Մենք ուզում ենք իմանալ կանոնները։ Մենք կհարգենք դրանք։ Բայց մենք նաև ակնկալում ենք, որ բոլորը հարգեն օրենքը»,-ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ միջազգային իրավունքի ընտրովի կիրառումը, հատկապես խոշոր տերությունների կողմից, հանգեցնում է փոքր երկրների դիրքի թուլացմանը։

ChinaDaily-ում հրապարակված նյութում նշվել է նաև, որ Իսրայել-Իրան հակամարտության շրջանում Հայաստանը աջակցություն է ցուցաբերել Չինաստանին՝ Իրանից չինացի քաղաքացիներին տարհանելու հարցում։ Մանրամասնվել է, որ 800 չինացի Հայաստանով՝ ցամաքային ճանապարհով, կարողացել է լքել Իրանի տարածքը։

 Ուշագրավ
---