Սոբհանի․ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել ՏՀԿ հայտարարության վերաբերյալ

Սոբհանի․ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել  ՏՀԿ հայտարարության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են ՀՀտարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։

Դեսպանը պարզաբանել է, որ հայտարարությունը վերագրելի է միայն գագաթնաժողովի նախագահողին՝ այս դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և պարտադիր չէ, որ արտացոլի գագաթնաժողովին մասնակցած պետությունների ընդհանուր տեսակետը, հայտնում է Արմենպրեսը։

«Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները, հակասում են բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չեն։

Իրանը, ինչպես նախկինում, աջակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների գործընթացին և կարևորում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որի դրույթները հաստատել են երկու կողմերը։ Մենք պաշտոնական գրությամբ մեր վերապահումները հայտնել ենք «Տնտեսական համագործակցության կազմակերպությանը» այս հայտարարության վերաբերյալ»,–նշել է Մեհդի Սոբհանին։

Հուլիսի 3-4-ը հայաթափված Ստեփանակերտում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ անդամակցությամբ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչների։ Ադրբեջանի ԱԳՆ-ն գագաթնաժողովից հետո տարածել է հայտարարություն, որի մեջ ներառվել են ադրբեջանական քարոզչությանը համահունչ ձևակերպումներ՝ իբր ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադառնալու իրավունքի վերաբերյալ։

 Ուշագրավ
---