ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Երևանի ու Բաքվի առաջնորդների հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Երևանի ու Բաքվի առաջնորդների հանդիպումը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում կարծում են, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարելի է դիտարկել որպես քայլ՝ ուղղված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունն ամրապնդելուն։

Այս կարծիքը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ամերիկյան Report գործակալության հարցին և ներկայացնելով Գուտերեշի դիրքորոշումը։

Դյուժարիկի խոսքով՝ Գուտերեշն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող դրական գործընթացներին։

«Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, որոնց միջև երկար ժամանակ լարվածություն է եղել։ Մենք հիշում ենք խաղաղության պայմանագրի մասին մարտին ձեռք բերված համաձայնությունը և դա գնահատում ենք որպես շատ դրական զարգացում։ Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես քայլ՝ պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ։ Գլխավոր քարտուղարը շատ ուշադիր է հետևում այս գործընթացներին», — ընդգծել է Դյուժարիկը։

Հուլիսի 10-ին Փաշինյանը և Ալիևն Աբու Դաբիում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է մոտ 5 ժամ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---