Նախարար․ ՀՀ–ն պատրաստ է ընդունել Եվրոպայի վոլեյբոլի պատանեկան առաջնությունը![]() 18 հուլիսի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է հավուր պատշաճի անցկացնել Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կայանալիք Եվրոպայի վոլեյբոլի մինչև 16 տարեկան պատանիների առաջնության եզրափակիչ փուլը, որի կազմակերպման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է մոտ 130 մլն դրամ:Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մարզաձևի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշել է, որ սա կդառնա տվյալ տարիքային խմբի մասնակցությամբ Եվրոպայի առաջին մրցաշարը, քանի որ 2024 թվականին միջազգային ֆեդերացիան վերանայել է տարիքային խմբերը, հայտնում է Արմենպրեսը։ Հաշվի առնելով, որ սա Հայաստանում անցկացվող առաջին համաեվրոպական նշանակության վոլեյբոլի առաջնությունն է, կարելի է այն դիտարկել որպես կրկնակի պատմական իրադարձություն։ Այդ պատճառով, ինչպես կառավարության, այնպես էլ վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական միջոցները։ «Պետական բյուջեից հատկացրել ենք մոտ 130 մլն դրամ: Ձեռք է բերվել նաև անհրաժեշտ գույք, այդ թվում՝ ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխանող ցուցատախտակներ, որոնք հնարավորություն են տալու կազմակերպել ամենատարբեր մարզաձևերի միջոցառումներ: Հետագայում կկարողանանք ավելի մեծ մարզադահլիճներում անցկացնել վոլեյբոլի մրցաշարեր: Այն ամենն, ինչ պահանջվում էր այս մրցաշարի կազմակերպման համար, հատկացվել է: Ամենն իրականացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ջանքերով»,- նշել է Անդրեասյանը։ Նախարարը հիշեցրել է, որ այս մրցաշարը կլինի արդեն չորրորդ խոշոր միջազգային սպորտային միջոցառումը Հայաստանում այս տարում։ Մինչ այժմ անցկացվել են տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության C դիվիզիոնը, կարատեի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև այս օրերին ընթացող մինչև 20 տարեկանների բասկետբոլի B դիվիզիոնի առաջնությունը։ Անդրեասյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստվում է ապագայում ընդունել էլ ավելի նշանակալի առաջնություններ։ Մասնավորապես, 2027 թվականը լինելու է բարդ ու հագեցած՝ նախատեսվում է անցկացնել Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Նախարարը նշել է նաև, որ այսօր ունեցած հանդիպման ընթացքում ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի և գործադիր տնօրեն Կամիլ Նովակի հետ քննարկվել է Հայաստանում բասկետբոլի ավելի մասշտաբային մրցաշարեր կազմակերպելու հեռանկարը։ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացվող այս առաջնությունը խթան կհանդիսանա երկրում վոլեյբոլի մասսայականացմանն ու զարգացումը խորացնելու համար։ Նա նշել է, որ կառավարության կողմից հաստատված սպորտի ռազմավարության մեջ խաղային մարզաձևերի զարգացմանն ընձեռվել է հատուկ դերակատարություն։ Նա հավելել է, որ քննարկվում է ազգային ֆեդերացիայի հետ դպրոցական վոլեյբոլի լիգայի ստեղծման հարցը՝ ընդգծելով, որ կառավարությունը մեծապես կարևորվում է նաև սպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |