Ինքնավնասումով վարժական հավաքից խուսափելը կարող է հանգեցնել մինչև 5 տարվա ազատազրկման![]() 9 սեպտեմբերի 2025 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկման է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվել է խստացնել պատիժները վարժական հավաքներին չներկայանալու համար, ինչպես նաև ընդլայնել Ռազմական ոստիկանության լիազորությունները։ Նախագիծը ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Փոփոխությունների առանցքային նպատակներից է Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել վարժական հավաքից խուսափելու սահմանումը, հայտնում է «ՍիվիլՆեթը»։ Ըստ ներկայացված նախագծի՝ խուսափում կհամարվի ոչ միայն զինկոմիսարիատին չներկայանալը, այլև բժշկական փորձաքննությունից հրաժարվելը կամ հավաքին մասնակցությունից այլ կերպ հրաժարվելը։ Նման դեպքերում առաջարկվել է կիրառել քրեական պատասխանատվություն՝ տուգանք կամ մինչև երկու ամիս կարճաժամկետ ազատազրկում, ինչպես նաև ազատազրկում մեկից երեք տարվա ժամկետով: Բացի դրանից, նախատեսվել է խստացնել պատժի սահմանաչափերը, եթե խուսափումը տեղի է ունեցել ծանրացնող հանգամանքներում։ Մասնավորապես՝ եթե քաղաքացու կողմից կիրառվել է «բ»ինքնավնասում, ձևացվել է հիվանդություն«/բ» կամ օգտագործվել է կեղծ փաստաթուղթ, ապա առաջարկվել է սահմանել ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով։ Նախագծով նաև նախատեսվել է խրախուսման մեխանիզմ․ այն քաղաքացին, ով մինչև հավաքների ավարտը կամավոր կմասնակցի դրանց, կազատվի քրեական պատասխանատվությունից։ Օրենսդրական փաթեթի երկրորդ բաղադրիչով վերանայվել են Ռազմական ոստիկանության գործառույթները։ Մինչ այժմ ՌՈ-ի հիմնական առաքելությունը եղել է հանցագործությունների կանխումը և խափանումը, սակայն նոր կարգավորումները նախատեսում են Ռազմական ոստիկանությանը վերապահել նաև հանցագործությունների բացահայտման և հետաքննության լիազորություն։ Բացի դրանից, նախատեսվել է, որ Ռազմական ոստիկանությունը ներգրավված կլինի զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներում՝ աջակցելով զինվորական կոմիսարիատներին։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի պարզաբանմամբ՝ Ռազմական ոստիկանության լիազորությունները սահմանվում են ավելի հստակ՝ ներառելով ոչ միայն կանխարգելիչ ու խափանող գործառույթներ, այլև հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման գործընթաց։ ՌՈ-ին վերապահված է աջակցել զինկոմիսարիատներին՝ ինչպես զինծառայության հաշվառման, այնպես էլ պարտադիր կամ պահեստազորային զորակոչի ու պատրաստության աշխատանքների ընթացքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |