Գիտության շաբաթը կմեկնարկի սեպտեմբերի 30–ին![]() 10 սեպտեմբերի 2025 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ամենախոշոր գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման միջոցառումը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025-ը», կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը՝ «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով։ Այս տարի փառատոնը նպատակ ունի համախմբել ավելի քան 50,000 այցելու և ներգրավել մոտ 300 դպրոց և մանկապարտեզ՝ ապակենտրոնացված միջոցառումներով Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որը վեց օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը։ Փառատոնին մասնակցելու են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։ Թեմատիկ բաժիններ․ Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1) – Գիտության և ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից։ Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3) – Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։ Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5) – Գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։ Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում, որոնք կգրանցվեն և կմիանան «Գիտության շաբաթ․Հայաստան»-ին, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ։ Դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված միջոցառումների փաթեթը հատուկ մշակվել է «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը։ Այս նախաձեռնության նպատակն է գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն և սեր սերմանել դեռ վաղ տարիքից։ «Գիտության շաբաթ․Հայաստան»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը`Ամերիաբանկը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |