ԱՄՆ Պետդեպի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր![]() 12 սեպտեմբերի 2025 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Պատվիրակությանը դիմավորել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Նա ուղեկցել է հյուրերին հուշահամալիրով՝ ներկայացնելով դրա հիմնադրման պատմությունը։ ՀՑԹԻ տնօրենը հատուկ ուշադրություն է դարձրել նաև անցյալ դարի վերջին Ադրբեջանում՝ Սումգայիթում, Կիրովաբադում (Գանձակում) և Բաքվում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածների հետևանքով զոհված հայերի հիշատակին նվիրված երեք խաչքարերին։ Նա պատմել է նաև Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ հայ ազատամարտիկների մասին՝ ընդգծելով դրանց և Հայոց ցեղասպանության միջև եղած առնչությունները, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Հենրեհենը հուշակոթողի մոտ ծաղկեպսակ է դրել՝ հավերժացնելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Գզոյանը նրանց ներկայացրել է նաև Հուշապատի հատվածը, որտեղ հատուկ խորշերում պահվում են փոքր սափորներ՝ լցված հողով, որոնք վերցված են այն գերեզմաններից, որտեղ հանգչում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային կոտորածներին դեմ հանդես եկած օտարազգի քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների և միսիոներների աճյունները։ Ներկայացնելով Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի կողմից իրականացված հայանպաստ գործունեությունը՝ նա շեշտել է, որ այդ մարդկանց ջանքերի շնորհիվ ամերիկյան հանրությունը լավ տեղեկացված է եղել Օսմանյան կայսրությունում իրականացվող կոտորածների մասին։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հարգանքի տուրք է այդ մարդկանց հիշատակին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |