Աղազարյանը առաջարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալ ընդդիմությանը

Աղազարյանը առաջարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալ ընդդիմությանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Պետական եկամուտների կոմիտեի տարեկան զեկույցի քննարկման ընթացքում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարը հնարավոր կլինի միայն կոնկրետ օրենսդրական նախաձեռնությունների դեպքում։

Աղազարյանն առաջարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանձնել ընդդիմությանը՝ հնարավորություն տալով ուսումնասիրել իշխանության գործողությունները, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ այդ առաջարկը հանդիսանում է նորաստեղծ ՄԱՍԿ կուսակցության հիմնարար սկզբունքներից մեկը։

Նրա դիտարկմամբ, երբ տնտեսվարողներից մեկը նկատում է, որ իր մրցակիցը թաքցրել է իր շրջանառությունը, ինքն էլ սկսում է նման վարք դրսևորել, ինչն էլ հանգեցնում է համատարած հարկերից խուսափման։

Աղազարյանը անդրադարձ է կատարել նաև տնտեսական ցուցանիշներին՝ վիճարկելով պաշտոնական տվյալները։

«Տնտեսության աճը, որ ասում էին 5.9 %, իսկ ՀՆԱ/հարկ հարաբերակցությունը նվազել էր 3.5-ի, այնտեղ ինչ-որ փուչիկանման բան կար, ՀՆԱ-ն ուռճացված է», – ասել է նա՝ հավելելով, որ ըստ իր հաշվարկների իրական տնտեսական աճը կազմել է ոչ թե 5.9%, այլ 3.7%։

Պատգամավորը պատմական համեմատություն է անցկացրել՝ վերնագրելով այն «բոլշևիզմի դրսևորումը»՝ ընդգծելով, որ ընտրություններում 51 տոկոս հավաքած ուժը չի կարող անտեսել այն ուժին, որը ստացել է 49 տոկոս, քանի որ իրականում դա նշանակում է գրեթե հավասար ներկայացվածություն բնակչության շրջանակում։

«Վարչապետն ասում է ընդդիմությունը իշխանության մաս է, բա այդ դեպում ընդդիմությանը ոնց կարելի է ասել՝ դու չկաս, դա ճիշտ չէ», – ընդգծել է ՔՊ նախկին պատգամավորը։

Նա հավելել է, որ խորհրդարանից դուրս էլ ընդդիմությունը պետք է իշխանության մեջ մասնաբաժին ունենա, որպեսզի իշխանություն մաս լինի և դրանից կշահի տնտեսությունը, ժողովրդավարությունը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին ասել է, թե գործող ընդդիմությունը սպառվել է։

 Ուշագրավ
---