Վերաքննիչն անփոփոխ է թողել Հրայր Թովմասյանի մեղադրական դատավճիռը![]() 6 հոկտեմբերի 2025 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել անփոփոխ թողնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ ըստ որի ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ճանաչվել է մեղավոր 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար։ Մեղսագրված արարքները վերաբերել են նրա կողմից արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, հայտնում է դատախազությունը։ 2024 թվականի սեպտեմբերի 20-ին առաջին ատյանի դատարանը վճռել էր, որ Հրայր Թովմասյանը մեղավոր է նշված հոդվածով նախատեսված հանցանքի՝ երկու դրվագով կատարելու մեջ, սակայն նրան ազատել էր քրեական պատասխանատվությունից՝ հիմք ընդունելով, որ վաղեմության ժամկետը լրացել է դեռևս 2019 թվականին։ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով արարքների իրավաբանական որակումը և վաղեմության ժամկետի կիրառման հիմնավորումը, մինչդեռ Թովմասյանի պաշտպանները դիմել էին վերաքննիչ ատյանին՝ պահանջելով նրան ճանաչել անմեղ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով ներկայացված բոլոր բողոքները, որոշել է դրանք մերժել և առաջին ատյանի կայացրած դատավճիռը թողնել անփոփոխ։ Ծանուցում. Հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |