Արամ Ա․ Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, Սփյուռքը՝ դեպի ինքնամաշում՝ հարկ է առաջքն առնել![]() 22 հոկտեմբերի 2025 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի գահակալման երեսնամյակը։ Թորոնտոյի Հայ Երիտասարդական կենտրոնում ունեցած ելույթում Արամ Ա–ն հույս է հայտնել, որ անցնող 30 տարիները Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատմության մեջ նոր էջ բացող տարիներ են եղել, հայտնում է կաթողիկոսությունը։ Անդրադառնալով ներկայիս իրողություններին՝ նա հայտարարել է, որ «Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, Սփյուռքը՝ դեպի ինքնամաշում՝ հարկ է առաջն առնել՝ համահայկական ճիգով»։ «Զգացական պոռթկումներից, անիրատես արժևորումներից հեռու պետք է մնանք: Մենք չենք կարող մեր ապագան տեսնել, ճշտել ու ծրագրել պատահական ու պարագայական մոտեցումներով, կեցվածքներով, լոզունգներով, դատապարտումներով: Մենք մեր ժողովրդին ապագան կկերտենք իրատես մոտեցումով՝ քննելով մեր ներկան և ճիշտ դիտելով մեր ապագան և ընթանալով այն ճամփով, որը տանում է դեպի մեր Հայրենիքի փրկություն և ազգի բարօրություն»,–ասել է կաթողիկոսը։ Նա հավելել է, որ ապրում ենք մեր պատմության խաչմերուկում, ուստի կարիք ունենք «նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքների, որպեսզի դուրս գանք ներկա ճահճացած վիճակից»։ Ըստ նրա՝ այդ ամենը պետք է գա երիտասարդներից։ «Հայաստանը գնում է դեպի ինքնաքանդում։ Ինչպե՞ս կարելի է այս ընթացքը կասեցնել: Ահավասիկ Սփյուռքի դերը, որն ինքն էլ լավ պայմաններում չէ: Հայաստանի փրկության ու վերականգնման մեջ Սփիյուռքի դերը ես առաջնահերթ եմ համարում: Այս պատճառով, մենք, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, սկսում ենք Սփյուռքի վերակազմակերպման ու վերակենսավորման գործընթաց, քանի որ Հայաստանի հզորացումը պայմանավորված է Սփյուռքի հզորացումով: Ահավասիկ մեր դիմաց հսկա մարտահրավեր է»,–ասել է Արամ Ա–ն։ Հայաստանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, ով հոկտեմբերի 16–ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրբազանը Երևան է ժամանել կաթողիկոսի անունից։ Հանդիպման մասին կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունները տարբերվում էին: Հանդիպման մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ, պատկերազարդ գիրք ընծայելուց բացի, ասվում է նաև, որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը վարչապետին է փոխանցել Արամ Ա-ի մտահոգությունները՝ կապված հոգևորականների ձերբակալությունների հետ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |