Փաստաբանների պալատ․ Կոչուբաևի նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ են![]() 22 հոկտեմբերի 2025 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն, անդրադառնալով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ հարուցված քրեական գործին ու նրա կալանավորմանը, հայտարարել է, որ նրա նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ են: «Հանձնաժողովը, նախ, խիստ մտահոգիչ է համարում տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ: Հանձնաժողովը հիշեցնում է՝ Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն՝ .վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է, .նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց, .պետությունները պարտավոր են ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր նման դեպքերում»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս մոտեցումները կիրառելով Ալեքսանդր Կոչուբաևի դեպքի համատեքստում՝ հանձնաժողովը հստակ արձանագրել է հետևյալը. . հաշվի առնելով նրան վերագրվող արարքները և նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակը՝ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն ու միջոցառումները համարվել են ոչ համաչափ և անհարկի։ Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ Կոչուբաևին պատկանող փաստաբանական գրասենյակի, մեքենայի ու բնակարանի խուզարկությունները գնահատվել են որպես անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ «իշխանությունների ընթացիկ գործելաոճը հակասում է ժողովրդավարական պետության սկզբունքներին»։ Հանձնաժողովը խստագույնս դատապարտել է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառում, ինչպիսին կալանավորումն է։ «Հանձնաժողովը հորդորում է վարույթի հանրային մասնակիցներից և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններից փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները, պահանջում է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության, արձանագրում է որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը ողջամտորեն կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո, պահանջում է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք»,–ասվում է հայտարարության մեջ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեն հաղորդել է, թե քրեական հետապնդում է հարուցվել դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելու համար։ Կոչուբաևը ֆեյսբուքյան էջի վերջին գրառմամբ կոշտ բառերով քննադատել էր Մկրտիչ սրբազանի կալանավորումը: Նախորդ շաբաթ էլ քննադատել էր Տավուշի թեմի նախկին առաջնորդի գործով իրավապահներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |