Կարապետյանը՝ Ստամբուլում․ Հուսով ենք՝ շատ շուտով կունենանք բաց ցամաքային սահման![]() 20 նոյեմբերի 2025 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը՝ ընդգծելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք են դրել նոր խաղաղ շրջանի: Նա հույս է հայտնել, որ շատ շուտով ՀՀ–ն կունենա բաց ցամաքային սահման ու դիվանագիտական հարաբերություններ հարևան Թուրքիայի հետ: «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը պատմական քայլ կատարեցին՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և վերահաստատելով բոլոր հաղորդակցությունները վերաբացելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի վրա: Հայաստանը և ԱՄՆ–ն էլ պայմանավորվել են աշխատել միմյանց և փոխհամաձայնեցված այլ գործընկերների հետ՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վրա: Սա լայնածավալ ենթակառուցվածքային ծրագիր է նոր երկաթուղիների, գազի և նավթի խողովակաշարերի, էլեկտրաէներգիայի ու ինտերնետի մալուխների անցկացման համար ամբողջ Հայաստանում: Այս առումով, հարգելի՛ գործընկերներ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային նախագծերի մասին խոսելիս չափազանց կարևոր է օգտագործել լեգիտիմ տերմինաբանությունը, որը փոխադարձ համաձայնեցված է և հարգում է տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքները: Ադրբեջանն այս հոկտեմբերին հայտարարեց, որ վերացնում է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման նկատմամբ բոլոր սահմանափակումները, և նախագահ Ալիւեը դա համարեց հստակ նշան, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում: Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել այս կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել տարանցում ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի երկու մասերի միջև՝ այսօր մեր տարածքում առկա ճանապարհներով: Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի փոխադրումը Ղազախստանից ու Ռուսաստանից ցույց է տալիս, որ ավելի լայն տարածաշրջանն ընդունում է խաղաղության փաստը և արդեն օգուտներ է քաղում հաղորդակցությունների ապաշրջափակումից»,–ասել է նա։ Կարապետյանը հավելել է, որ Հարավային Կովկասում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են ամրապնդել միմյանց, ինչպես նաև տարածաշրջանի դերը՝ որպես կարևորագույն տարանցիկ հանգույց, որը կապում է Եվրոպան, Սև ծովը, Թուրքիան, Կասպից ծովը և Կենտրոնական Ասիան: «Ամփոփելով՝ այս նոր տարածաշրջանային միջավայրն իրական հնարավորություններ է բացում Եվրոպական միության Գլոբալ դարպասների ռազմավարության և Միջին միջանցքի համար»,–ասել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |