Բելառուսն ու Ուզբեկստանը չեն ստորագրել ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Բելառուսն ու Ուզբեկստանը չեն ստորագրել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը: Մոսկվայում կայացած գագաթնաժողովում փաստաթղթին հավանություն է տվել կազմակերպության կազմում ընդգրկված յոթ երկրից միայն հինգը` Ռուսաստանը, Հայաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը եւ Տաջիկստանը:



Բելառուսական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել մոսկովյան գագաթնաժողովին «կաթնային պատերազմի» պատճառով, իսկ Ուզբեկստանը մի շարք կասկածներ է հայտնել ՀԱՊԿ զինված ուժերի կազմավորման առնչությամբ:



Մեդվեդեւը հայտարարել է, որ դրամատիկ ոչինչ չի տեսնում Բելառուսի եւ Ուզբեկստանի հավաքական ուժերի ստեղծման մասին որոշմանն աջակցելուց հրաժարվելու մեջ: «Վերջ ի վերջո, նման կարգի այլ ուժերը ստեղծվել են ոչ մեկ օրվա ընթացքում», - նշել է Ռուսաստանի նախագահը:



Բելառուսի ԱԳՆ-ն, իր հերթին, անօրինական է անվանել ՀԱՊԿ շրջանակներում ընդունված ցանկացած որոշում` կազմակերպությանը մասնակից ցանկացած երկրի բացակայության դեպքում:



Պաշտոնական Մինսկը ՌԴ-ին մեղադրում է Բելառուսի տնտեսական անվտանգության խարխլման մեջ եւ բելառուսական կաթնամթերքների ներմուծումն արգելած Ռուսաստանի գործողություններնն անվանում է բաց տնտեսական խտրականություն:



Գագաթնաժողովում բելառուսական պատվիրակության բացակայության պատճառով Ռուսաստանը զբաղեցրել է ՀԱՊԿ-ում ժամանակավոր նախագահի տեղը: Նախկինում նախատեսվում էր, որ Հայաստանը նախագահությունը կփոխանցի Բելառուսին, հաղորդում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
---