Փաշինյան․ ՀՀ–ն պատրաստ է արդեն այսօր թույլ տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով![]() 10 դեկտեմբերի 2025 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում՝ Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի հյուրընկալած «Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ն պատրաստ է այսօր իսկ թույլ տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ նշելով, որ տարածաշրջանում սկսվել են գործնական շփումների ձևավորման գործընթացներ, որոնք կարող են հիմք ծառայել երկարաժամկետ խաղաղության համար, գրում է Արմենպրեսը։ Նա հիշեցրել է Ադրբեջանի վերջերս կայացրած որոշումը, ըստ որի վերացվել են այդ երկրի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ «Ես գնահատում եմ Ադրբեջանի նախագահի այս որոշումն ու հայտարարությունը, քանի որ դա շատ կարևոր և դրական իրադարձություն է։ Այն, ինչ ընդամենը մի քանի ամիս առաջ անհնարին էր թվում, այժմ իրականություն է. հացահատիկը Ղազախստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ սա անկախ Հայաստանի պատմության համար աննախադեպ զարգացում է։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանն իր հերթին, քաղաքական և տեխնիկական պատրաստվածություն ունենալով, արդեն իսկ կարող է թույլ տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով։ «Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ամենօրյա հոգածության, Վաշինգտոնյան հռչակագրի տեքստն ու ոգին պահպանելու և գործընթացը խաթարող պատմություններից հրաժարվելու շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել մեր երկու երկրների միջև տևական խաղաղությունը»,- եզրափակել է Փաշինյանը։ Նա հայտնել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի շփումները վերջին շրջանում զգալիորեն ինտենսիվացել են՝ խթանելով հարաբերությունների կարգավորման ընթացքը։ «Այդ շփումներն իրականացվում են գրեթե բոլոր մակարդակներում՝ իմ և նախագահ Էրդողանի, մեր արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև համապատասխան ոլորտային նախարարությունների միջև։ Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ և հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետը նաև ակնկալել է, որ Թուրքիան ի վերջո կընդունի համապատասխան որոշումշ։ «Ես հույս ունեմ, որ Թուրքիան կընդունի երկար սպասված քաղաքական որոշումը Հայաստանի հետ իր սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ»,–ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, TRIPP նախաձեռնությունը, Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական կապերը և Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը կարող են նպաստել Հարավային Կովկասի կայուն դիրքավորմանը՝ որպես կարևոր տարանցիկ ուղի Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների համատեքստում։ «Եվ մենք ամեն ջանք գործադրում ենք այդ պատմական հնարավորությունն իրագործելու համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։ Փաշինյանն ընդգծել է, որ Բեռլինը աջակցում է Հայաստանին և Թուրքիային՝ հարաբերությունները բարելավելու և սահմանը բացելու գործընթացում։ «Դա նշանակում է ՀՀ ուղիղ կապ՝ այդ թվում ցամաքային, երկաթուղային կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ։ Սա տնտեսական, քաղաքական և ներդրումային իմաստներով շրջադարձային նշանակություն է ունենալու։ Եվ ես ուրախ եմ, որ Գերմանիան աջակցում է նաև Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը։ Վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման համատեքստում հնարավոր կլինի հասնել նաև հայ–թուրքական սահմանի վերաբացման։ Փաշինյանը Գերմանիայում է պաշտոնական այցով։ Նա հանդիպումներ է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |