Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ![]() 11 դեկտեմբերի 2025 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու նպատակով։ Այդ մասին հայտարարություն է տարածել նրա փաստաբանական թիմը։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր հաշվին Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացվել էր դեռևս 07.10.2025 թվականի Քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով: Քրեակատարողական ծառայությունը նշված դիմումը վերահասցեագրել էր «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Միաժամանակ Միքայել Սրբազանի պաշտպանը 29.10.2025թ. գրավոր դիմում էր ներկայացրել Քրեակատարողական բժշկական կենտրոնին, որին ի պատասխան միայն 28.11.2025թ. Կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից: Հետագայում, արդարադատության նախարարը այս իրավիճակը փորձել էր բացատրել, իբրև սահմանված դիմում չներկայացնելու հանգամանքով: Այդպիսի դիմումներ չէին համարել Միքայել Սրբազանի պաշտպանների դիմումները: Ընդ որում, 2025թ. հոկտեմբերի 7-ից սկսած 2 ամսվա ընթացքում որևէ պաշտոնատար անձ գրավոր կարգով չի պարզաբանել, որ պետք է ձևական որոշ պահանջներ ապահովել, քանի որ միայն այդ դեպքում իրենք հաշվի կառնեն կալանավորված անձի առողջության իրավունքը: Ըստ այդ ձևական պահանջի, կալանավորված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարին և նշի նաև քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի անունը, ազգանունը, բժշկական հաստատությունը, որտեղ աշխատում է բժիշկը, վերջինիս կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը վերահասցեագրվել են Երևան-Կենտրոն ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ցուցված վիրահատական միջամտությունը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |