Իրանում ՀՀ դեսպան․ Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում![]() 17 դեկտեմբերի 2025 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը «Թասնիմ» լրատվականին տված հարցազրույցում ասել է, որ Երևանը հաշվի է առել Իրանի կենսական շահերը Վաշինգտոնի խաղաղության համաձայնագրի և «TRIPP ուղի» հաղորդակցային նախագծի շուրջ ձևավորված գործընթացում, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչումը՝ հիմնվելով 1991թ․ Ալմաթիի հռչակագրի վրա։ Նա հավելել է, որ նույն օրը ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, կարևոր մեսիջ է եղել հակամարտության ավարտի և նոր էջի բացման համար։ «Եռակողմ պայմանավորվածությունների առանցքային ուղղություններից է նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը, որին, վստահ եմ, հնարավորություն կունենանք առանձին անդրադառնալ։ Սակայն արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումն ու դրա արդյունքում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լրջագույն դրական տեղաշարժ են ապահովել խաղաղության օրակարգում՝ էապես նվազեցնելով անվտանգային ռիսկերը և ձևավորելով փաստացի խաղաղության միջավայր մեր տարածաշրջանում։ Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ բարեկամ Իրանի ակտիվ աջակցությունն ու ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ միջազգային հանրությունը կշարունակի խրախուսել Ադրբեջանին՝ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք և կատարելու վերջին քայլը՝ վերջնականորեն ստորագրելով խաղաղության համաձայնագիրը»,–ասել է նա։ ։ Դեսպանը պատասպանել է նաև այն հարցին, թե ի՞նչ փուլում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ միջև Վաշինգտոնում ձեռք բերված «եռակողմ պայմանավորվածությունը միջանցքի վերաբերյալ»: «Նախևառաջ թույլ տվեք անդրադառնալ Ձեր հարցադրման մեջ օգտագործված «միջանցք» եզրույթին։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրով հստակ ամրագրված է, որ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) ծրագրի շրջանակում։ Այսպիսով՝ ՀՀ հարավով անցնող կապուղու պաշտոնական անվանումը հենց «TRIPP ուղի» է, և ցանկացած այլ բնորոշում, այդ թվում՝ «միջանցք», հակասում է հռչակագրի տառին և ոգուն, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը։ Կցանկանայի օգտվել այս հարթակից և հորդորել նաև իրանական փորձագիտական և լրատվական հանրությանը առաջնորդվել այս հստակ ձևակերպմամբ։ Վաշինգտոնյան հռչակագիրը նախատեսում է ապաշրջափակել տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները՝ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա։ Պետք է ընդգծեմ, որ հավատարիմ բարեկամության և փոխվստահության մթնոլորտին՝ այս ամբողջ գործընթացի շրջանակում պաշտոնական Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը, իսկ զարգացումների վերաբերյալ տարբեր մակարդակներում ընթացել է ակտիվ երկխոսություն: Հարկ եմ համարում նաև նշել, որ հենց այս սկզբունքներն են այն հենասյուները, որոնք մշտապես առաջնային են եղել ինչպես ՀՀ, այնպես էլ Իրանի համար, և դրանց պահպանումը լիովին համահունչ է մեր երկու պետությունների շահերին։ Ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կունենա Իրանի հետ։ Սա աննախադեպ հնարավորություն կստեղծի Իրանի համար՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու Վրաստանի հետ՝ կապվելով սևծովյան նավահանգիստներին։ Իր հերթին, Իրանը կդառնա ՀՀ-ի համար երկաթուղային տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու առումով: Միաժամանակ, նախատեսվում են լրացուցիչ կապեր Հայաստանի տարբեր շրջանների միջև, ինչը մեծ նշանակություն ունի մեր ներքին տնտեսական և լոգիստիկ համակարգերի համար։ Կարևոր է նաև, որ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծում երրորդ կողմի ներգրավման հարցում Հայաստանը և ԱՄՆ-ն ունեն հավասար վետոյի իրավունք, ուստի ցանկացած կողմ միայն Երևանի և Վաշինգտոնի համաձայնությամբ կարող ներգրավվել այդ ծրագրին։ Այժմ Վաշինգտոնի հետ ակտիվորեն քննարկվում են «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման ընդհանուր պայմանները։ Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի հայ-ամերիկյան համատեղ «TRIPP Company»-ն, որը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Նախանշվում է, որ արդեն հաջորդ տարի կանցնենք ծրագրի գործնական իրականացման և շինարարության փուլին։ «ԹՐԻՓՓ ուղի»-ն լիովին համահունչ է մեր կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նպաստելու է տարածաշրջանային փոխկախվածությունների ստեղծմանը՝ դառնալով կայուն խաղաղության կարևոր գործոն։ Հաղորդակցությունների աստիճանական բացման վերաբերյալ քաղաքական համաձայնություններն արդեն տալիս են իրական արդյունքներ։ Ադրբեջանը հոկտեմբերին հայտարարել է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին, և արդեն ունենք առաջին գործնական օրինակները․ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան։ Հայաստանը նույնպես բազմիցս հաստատել է իր պատրաստակամությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական առումով ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ «ԹՐԻՓՓ ուղի» նախագիծը Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին առաջարկում է հաղորդակցման նոր, միջազգային աջակցությամբ ամրացված մոդել, որը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության և իրավազորության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրա իրականացումը ոչ միայն կխթանի տնտեսական համագործակցությունը, այլև կամրապնդի խաղաղությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում»,–ասել է Իրանում ՀՀ դեսպանը։ Ինչ վերաբերում է Հայաստան–Թուրքիա հարաբերություններին՝ դեսպանը նշել է, որ շփումները վերջին շրջանում ակտիվացել են բոլոր մակարդակներում։ Այս տարի Երևանում կայացած հատուկ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել է պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ներառում են Մարգարա–Ալիջան անցակետի բացումը, Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկումը և էլեկտրահաղորդման գծի վերականգնումը։ Նա հայտնել է, որ օրեր առաջ կողմերը քննարկել են նաև երկաթուղու վերագործարկման տեխնիկական հարցերը։ Ամփոփելով՝ դեսպանը նշել է, որ «ԹՐԻՓՓ ուղին» և Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկումը կարող են միասին ձևավորել տարածաշրջանային միացյալ երկաթուղային ցանց՝ կապելով Հարավային Կովկասի երկրները և հարակից տարածաշրջանները։ Նրա համոզմամբ՝ այս ծրագրերը կարող են նպաստել ինչպես տնտեսական ինտեգրմանը, այնպես էլ խաղաղության և կայունության ամրապնդմանը ամբողջ տարածաշրջանում։ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»։ Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան: Նրա խոսքով՝ այս սցենարը կարող է հանգեցնել ՆԱՏՕ–ի հայտնվելուն Իրանից դեպի հյուսիս՝ լուրջ ռիսկեր ստեղծելով Հյուսիսային Իրանի և Հարավային Ռուսաստանի անվտանգության համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |