Ադրբեջանում Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Նրա որդին դիմել է իրավաբաններին

Ադրբեջանում Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են  «Բաքվի բանահյուսություն»․ Նրա որդին դիմել է իրավաբաններին

PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում երգիչ Մուսլիմ Մագոմաևի մասին տեսանյութերում միտումնավոր կերպով չի նշվում նրա բազմաթիվ երգերի երաժշտության հեղինակ Առնո Բաբաջանյանի անունը։

Կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, պատմել է, որ համացանցում շրջանառվող տեսանյութում, որտեղ կատարվում է Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիվը» երգը (խոսքերը՝ Եվգենի Եվտուշենկոյի, երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի), երաժշտության հեղինակ նշված է «Բաքվի բանահյուսություն», հայտնում է Sputnik Արմենիան:

Իրավիճակի պարզաբանման նպատակով Արա Բաբաջանյանը արդեն դիմել է իրավաբաններին:

«Տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն ... Այդպես հաճախ է լինում, երբ Մուսլիմ Մագոմաևին նվիրված համերգներ են անցկացնում։ Ընդ որում, ես մեծ հարգանքով, սիրով եմ վերաբերվում Մուսլիմին։ Մենք նրան ընդունում էինք որպես ընտանիքի անդամ, ես այն ժամանակ նոր էի սկսում կարիերաս։ Նա գալիս էր մեր տուն և ժամերով կարող էր նստել դաշնամուրի մոտ, երգել, շփվել», – ասել է անվանի կոմպոզիտորի որդին։

Խորհրդային էստրադայում Առնո Բաբաջանյանն ու Մուսլիմ Մագոմաևը ձևավորել են լեգենդար ստեղծագործական դուետ՝ թողնելով մի շարք հիթեր, ինչպիսիք են «Գեղեցկության թագուհին», «Մեղեդի»-ն, «Շնորհակալ եմ քեզ»։ Այս ստեղծագործությունները դարձել են խորհրդային երգարվեստի անբաժանելի մաս։

Նրանց համագործակցությունը սկսվել է 1960-ականներին։ Նրանց առաջին համատեղ երգը եղել է «Հիշում եմ Բուլղարիան», որին հաջորդել են «Աշխարհի ամենալավ քաղաքը» (1964 թ., խոսքերը՝ Լեոնիդ Դերբենյովի), «Գեղեցկության թագուհին» (1965 թ., խոսքերը՝ Անատոլի Գորոխովի), «Սատանայի անիվը» (1969 թ., խոսքերը՝ Եվգենի Եվտուշենկոյի), «Հարսանիք» (1971 թ., խոսքերը՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու) և «Վերադարձրու ինձ երաժշտությունը» (1975 թ., խոսքերը՝ Անդրեյ Վոզնեսենսկու) երգերը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---