Շահրամանյանի փաստաբանը հրապարակել է նրա ցուցմունքը Ադրբեջանի վերջնագրի վերաբերյալ

Շահրամանյանի փաստաբանը հրապարակել է նրա ցուցմունքը Ադրբեջանի վերջնագրի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ հայցի քննության ժամանակ ցուցմունքում մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է արձագանքել Ադրբեջանի վերջնագրին։

Ասուլիսի ընթացքում ցուցմունքը հրապարակել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը, հայտնում է Panorama.am-ը:

Արցախի նախագահն ասել է. «Ադրբեջանական կողմը, ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո, ներկայացրել է վերջնագիր՝ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ, ինչից ԼՂՀ ղեկավարութունը խուսափել է՝ տարածելով համապատասխան հայտարարություն և որի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել բնակչությանը ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը և կազմակերպել ԼՂՀ տարածքից դուրս բերումը։

Հայաստան տեղափոխվելուց հետո հայցվորը բազմիցս տարբեր հրապարակային ելույթներում նշել է, որ չկա նման փաստաթուղթ, ավելին՝ նման փաստաթղթի ընդունումն ամբողջությամբ հակասում է ԼՂՀ օրենսդրությանը, որևէ պետական մարմին ԼՂՀ օրենսդրությամբ օժտված չէ նման իրավական ակտ ընդունելու լիազորությամբ և այն առկա չէ անգամ ԼՂՀ Իրավական ակտերի տեղեկատվական համակարգում։

Խնդրո առարկա հայտարարությունը, մատնանշելով հրամանագիրը, չեղարկելու որոշում է տարածել արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո՝ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով։ Պատասխանող կողմը հաշվի չի առել նաև այս հանգամանքը՝ դրա մասին որևէ հիշատակում չկատարելով դասագրքում»։

2025 թվականի սեպտեմբերին փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել էր, որ Արցախի նախագահի անունից հայց է ներկայացվել՝ վիճարկելու դասագրքում տեղ գտած պնդումը, թե իբր Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու մասին հրամանագիր։

Չնայած դատարանը մերժել է հայցը, փաստաբանի խոսքով՝ այնուամենայնիվ, մի շարք էական արձանագրումներ է արել, այդ թվում՝ որ նման հրամանագիրը ընդունվել է ուժի սպառնալիքի ներքո, ուստի այն իրավական ուժ չունի։

 Ուշագրավ
---