Փելոսին` Վենսի գրառումը հեռացնելու մասին․ Խորապես հիասթափեցնող է![]() 11 փետրվարի 2026 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, Դեմոկրատական կուսակցության անդամ Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելու համար՝ նշելով, որ ճշմարտությունը կարևոր է։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբոլոգում: Ըստ նրա՝ դա խորապես հիասթափեցնող է, քանի որ «պատմություն ջնջելն անարգում է զոհերին և թուլացնում հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»: «Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր Կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է»,-գրել է նա: Նախկին պաշտոնյան հիշեցրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 2019-ին մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։ «Նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ այն պաշտոնապես ճանաչելով 2021 թվականին: Դիրքորոշում, որը ամոթալի կերպով չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը: Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ, տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը»,- գրել է Փելոսին։ Այդ թեման մեծ արձագանք է ստացել միջազգային մամուլում՝ հարցին անդրադարձել են Bloomberg-ը, CNN-ը, Reuters-ը, The Associated Press-ը, The Washington Times-ը, բրիտանական The Independent-ը, իսրայելյան և ռուսական լրատվամիջոցները: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ իր պաշտոնական X-ի էջում հրապարակված և հետագայում ջնջված գրառումը, որտեղ 1915 թվականի իրադարձությունները բնութագրված էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է ուղարկվել»: Վենսի պաշտոնական X-ի էջում հրապարակվել էր փոխնախագահի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որը հետագայում հեռացվել է։ Այնտեղ ասվում էր, որ նրանք «մասնակցել են ծաղկեպսակ դնելու արարողությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |