Հայաստանից 2 եպիսկոպոս է մեկնել Ավստրիա![]() 17 փետրվարի 2026 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում անցկացվող եպիսկոպոսաց հավաքին Հայաստանից կմասնակցի 2 եպիսկոպոս։ Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։ Նրանք են Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Դանիել Սրբազան Ֆընդկյանը, հայտնում է Factor.am-ը: Կաթողիկոսը չի մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին։ Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն «բացակայելու արգելք» խափանման միջոց է ընտրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Որպես հիմք նշվել է հարուցված քրեական գործը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Կաթողիկոսից բացի, ևս վեց եպիսկոպոս չի մասնակցի Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին՝ նույնպես երկրից բացակայելու արգելքի պատճառով: Կիրակնօրյա պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշել էր, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ ժողովի կարգավիճակը որոշակիորեն փոխվել է։ Այն վերածվել է եպիսկոպոսաց հավաքի։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն, անդրադառնալով Վեհափառ հայրապետի և մի խումբ եպիսկոպոսների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին ու սահմանված արգելքին, գրել է, որ դա «հակաեկեղեցական, հակազգային ու հակապետական արարներից հերթականն է, որը, ցավոք, սպասվող զարգացում էր՝ ներազգային կյանքում իշխանությունների խիստ էսկալացիոն ու պառակտիչ ռազմավարության համատեքստում»: «Հարգանքիս հավաստիքը տոկուն հոգևոր հայրերի հանդեպ, որոնցից ակնկալվում է թե՛ չկոտրվել, թե՛ ամրացնել Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնեական ու ազգային հիմնասյուները՝ ինքնամաքրման ու ծառայության քրիստոնեական ճշմարիտ ուղով: «Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ»,-ասվում է գրառման մեջ: Փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է: «Ես դա թույլ չեմ տալու։ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի նման հետևել, հակազդեցություն է լինելու շատ կոշտ, բարերարների դիմակի տակ թաքնված Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |