Մխիթարյան․ Սամվել Կարապետյանը կարող է և կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, իրավական որևէ խոչընդոտ չկա

Մխիթարյան․ Սամվել Կարապետյանը կարող է և կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, իրավական որևէ խոչընդոտ չկա

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը կարող է և կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, իրավական որևէ խոչընդոտ չկա, հայտարարել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության փետրվարի 12-ի հայտարարությունից հետո, որով Սամվել Կարապետյանը ներկայացվել է որպես վարչապետի թեկնածու, «փոքրիկ խմբակի» ներկայացուցիչները սկսել են ակտիվանալ սոցիալական ցանցերում,ստատուսներ գրել ու կարծիքներ հայտնել»,-նշել է Մխիթարյանը, հայտնում է «Առավոտը»:

Նրա գնահատմամբ՝ իրավաբանական գիտելիքներ ունենալու համար, ինչպես պարզվել է, պարտադիր չէ սովորել իրավաբանական ֆակուլտետում, ապա մագիստրատուրայում, ինչպես նաև անցնել փաստաբանական դպրոց և արդարադատության ակադեմիա կամ լինել դատավորի թեկնածու։

«Պարզվեց պետք է ընդամենը ունենալ հեռախոս, անհասկանալի ձևով վոթսափով ստացած հրաման ու ֆեյսբուքով գրել, որ գիտեք ինչ կա՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու: Այն, ինչ հիմա անում են փոքրիկ խմբակի ներկայացուցիչները ֆեյսբուքով, դա հերթական ստի, կեղծիքի, մանիպուլացիայի դրսևորումն է, ես սա ձեզ հավաստիացնում եմ՝ որպես տարիների փորձ ունեցող իրավաբան, փաստաբան։

Սամվել Կարապետյանը կարող է և կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, իրավական որևէ խոչընդոտ չկա։ Եվ ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին ու ունենալու ենք ուժեղ Հայաստան»,-ասել է Մխիթարյանը։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։

«Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա:

 Ուշագրավ
---