Վարդանյանի ընտանիք. Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝

Վարդանյանի ընտանիք. Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, որը կայացվել է Բաքվի դատարանում, նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն, ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ:

Կոչ է արվում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները Վարդանյանի և մյուս հայ դատապարտյալների ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար:

«Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։

Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։

Չնայած Ռուբենի՝ որպես հումանիստի, բարեգործի և սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և միջազգային մասնագետների աջակցությունն ուժ և հույս են հաղորդում մեր ընտանիքին։

Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։

Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։

Մենք շարունակելու ենք նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը», ասվում է Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ:

Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել շինծու գործերով անցնող հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

 Ուշագրավ
---