Սպանված չեչեն կնոջը կհուղարկավորեն Հայաստանի միջոցներով. Հարազատները չեն եկել աճյունի հետևից

Սպանված չեչեն կնոջը կհուղարկավորեն Հայաստանի միջոցներով. Հարազատները չեն եկել աճյունի հետևից

PanARMENIAN.Net - Երևանում սպանված չեչեն կնոջը՝ 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի կհուղարկավորեն ՀՀ միջոցներով, օրենքով սահմանված կարգով Հայաստանում. հարազատները չեն եկել աճյունի հետևից: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է «Ազատությունը»:

Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած Բայմուրադովայի ենթադրյալ սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի քաղաքացիներ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել:

Հայ և ռուս իրավապաշտպանները պնդում են՝ նրանք կապեր ունեն Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի ռեժիմի հետ:

Թե երբ տեղի կունենա ավելի քան 120 օր Երևանի դիահերձարաններից մեկում պահվող Բայմուրադովայի հուղարկվորությունը, հայտնի չէ: Քննիչը դեռ չի որոշել:

«Ժամկետի սահմանափակումը չկա, թողնված է քննիչի հայեցողությանը։ Հիմա եթե քննիչը այս պահին որոշում կայացրեց հուղարկավորել, ու մի շաբաթ հետո հայրը եկավ։ Այստեղ է մյուս հարցը, թե դուք ի՞նչ իրավունքով եք հուղարկավորել, չէ՞ որ պետք է սպասեիք, բայց ինչքա՞ն կարող են սպասել։ Այստեղ ողջամիտ ժամկետի հետ կապված հարց կա», - նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Այշաթ Բայմուրադովայի ընկերուհին ավելի վաղ BBC News-ին ասել էր՝ Այշաթն իրեն պատմել է, որ ընտանիքն ազգակցական կապ ունի Չեչնիայի նախկին նախագահ Ահմադ Կադիրովի հետ։

Այշաթ Բայմուրադովան Չեչնիայից Հայաստան է փախել նախորդ տարվա հունվարին: Ռուս իրավապաշտպանները շուրջ 1 տարի պլանավորել են նրա փախուստն այն բանից հետո, երբ երիտասարդ կինը խնդրանքով իրենց է դիմել:

Հայաստանում Այշաթն ինստագրամյան բաց էջով միշտ պատմել է իր մասին, ցույց տվել գտնվելու վայրը: Ընկերները պատմել են, որ նրա մահվան մեջ կասկածվող Կարինա Իմինովայի հետ Այշաթը ծանոթացել է Ինստագրամով: Հետո հենց նա ու մի տղամարդ վարձակալած բնակարան են հրավիրել Այշաթին: Այդ բնակարանից նա տեսանյութ է ուղարկել ընկերներին, կադրում նաև Կարինան է երևացել: Որոշ ժամանակ անց Այշաթը դադարել է պատասխանել ընկերների զանգերին:

Հոկտեմբերի 17-ից հետո ընկերներն ու իրավապահները սկսել են նրան որոնել: 2 օր անց նրա մարմինը հայտնաբերվել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում:

 Ուշագրավ
---