Կակլամանիս. Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը ՀՀ-ին![]() 19 փետրվարի 2026 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, ասել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսն Աթենքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը: «Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Սա շատ լավ առիթ է քննարկելու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Վերահաստում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին։ Բոլոր արդար պահանջները, որոնք կներկայացնի Հայաստանը, կարժանանան սատարման Հունաստանի կողմից»,-ասել է Հունաստանի խորհրդարանի նախագահը, հայտնում է Արմենպրեսը: Նա կարևորել է նաև Հունաստանում հայ համայնքի դերը՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։ ՀՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները պատմականորեն կարևոր նշանակություն են ունեցել։ Նրա խոսքով՝ Հայաստանի անկախությունից հետո այդ կապերը ստացել են բավական դինամիկ զարգացում։ «Մեր երկկողմ հարաբերություններն առավել կարևորվում են այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը փորձում է տարածաշրջանում հաստատել խաղաղություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, հատկապես մեր երկրի համար դժվարին իրավիճակում»,-ասել է ՀՀ նախագահը։ Ի պատիվ պետական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |