ՀՀ նախագահ․ Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ որպես պահպանման ենթակա ազգային արժեք![]() 23 փետրվարի 2026 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ որպես պահպանման ենթակա ազգային արժեք: Այդ մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ «Ջրային կոմիտեի ստեղծումը պայմանավորված էր մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգված և պետականորեն պատասխանատու կազմակերպման անհրաժեշտությամբ։ Անցած տարիների ընթացքում ձևավորվել են կառավարման մեխանիզմներ, իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, պահպանվել և շահագործվել են ոռոգման և ջրամբարային համակարգեր։ Սակայն պետք է արձանագրենք նաև այն փաստը, որ ջրի կորուստների բարձր մակարդակը, համակարգերի մաշվածությունը և արդյունավետության հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ։ Հայաստանը ջրային պաշարներով համեմատաբար ապահով երկիր է, սակայն այդ հանգամանքը ինքնին բավարար չէ։ Ջուրը ազգային հարստություն է, և դրա պահպանությունն ու խելամիտ օգտագործումը պահանջում են առավել հետևողական քաղաքականություն, տեխնոլոգիական արդիականացում և կառավարման բարձր պատասխանատվություն։ Կլիմայական փոփոխությունների, տեղումների ռեժիմի փոփոխության և ջրային պահանջարկի աճի պայմաններում յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր անարդյունավետ օգտագործում վերածվում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդրի»«-ասել է նա: Նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է որդեգրել առավել արդյունավետ լուծումներ՝ ընդգծելով, որ ջրի կառավարման հարցը չի սահմանափակվում մեկ կառույցի լիազորություններով։ «Վստահ եմ, որ համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել կորուստները, բարձրացնել համակարգերի արդյունավետությունը և ձևավորել ջրային կառավարման այնպիսի մոդել, որը կհամապատասխանի Հայաստանի զարգացման երկարաժամկետ նպատակներին»,-ասել է նախագահը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ջրային ոլորտի հիմնախնդիրներին։ Նա տարօրինակ է համարել, որ գյուղատնտեսական նշանակության հողերի փոքր մասն է ոռոգվում, այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով հարուստ երկիր։ «Այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը: Թերևս, հարկ եմ համարում ընդգծել, որ սա էլ այն դեպքերից է, երբ ասում ենք՝ ցանկացած հարցի լուծման համար Կառավարությունն ունի երեք լուծում: Այդ լուծումներից առաջինը կրթությունն է, երկրորդը՝ կրթությունը, և երրորդը՝ նույնպես կրթությունը: Ընդ որում՝ ասածս վերաբերում է բոլորիս: Երբ նման արձանագրում եմ անում, առաջին հերթին անում եմ ինքս իմ մասին, որովհետև ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն էական փոփոխության ենթակա է»,- նշել է վարչապետը։ Անդրադառնալով իր նախկին տեսակետների փոփոխությանը՝ Փաշինյանը ընդգծել է, որ փոփոխությունը բնական գործընթաց է, իսկ չփոխվելը կարող է հանգեցնել աղետների։ Վարչապետը կարևորել է նաև գյուղատնտեսության նկատմամբ մոտեցումների փոփոխությունը՝ նշելով, որ Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական հող չպետք է մնա, իսկ այլ նշանակության հողեր կարող են վերածվել այգիների։ Նրա խոսքով՝ փորձագիտական գնահատականներով երկրում տարեկան ձևավորվում է 5-7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս։ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց է համարել Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումները՝ ընդգծելով, որ լիճը ռազմավարական պաշար է։ «Մենք պետք է հասկանանք, որ կաթիլային ոռոգումը, ինտենսիվ գյուղատնտեսությունն են լուծումը: Այսօրվա մեր գյուղատնտեսությունը, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից, վնասաբեր է ամբողջությամբ, որովհետև չենք հաշվում իր ինքնարժեքը, կոնկրետ ջրի գինը թերագնահատված է, և գյուղատնտեսությունն աշխատում է վնասով»,- նշել է նա։ Ամփոփելով՝ Փաշինյանը նշել է, որ ջրային ոլորտում առաջընթացի համար պետք է խորությամբ հասկանալ խնդիրները, լրացնել գիտելիքի պակասը և զարգացնել այդ գիտելիքն իրացնելու հմտությունները։ Միջոցառման ավարտին Նիկոլ Փաշինյանը ջրային ոլորտում ունեցած ավանդի համար մի շարք մասնագետների հանձնել է պարգևներ և շնորհակալագրեր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |