Վարդանյանը չի բողոքարկի դատավճիռը․ «Դա ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում»![]() 25 փետրվարի 2026 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Բաքվի դատարանի կողմից շինծու գործերով 20 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է չբողոքարկել դատավճիռը: Այդ մասին հայտնել է նրա ընտանիքը՝ նշելով, որ անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ շարունակելու են պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։ «Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա գտնվել, միջնորդություններն անտեսվել են։ Դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Սույն հայտարարության հրապարակման պահին ո՛չ Ռուբենին, ո՛չ էլ ընտանիքին տրամադրված չի եղել դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային ևս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը։ Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։ Այս պայմաններում վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը բնավ այդպես չէ։ Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։ Բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց»,-ասվում է հայտարարության մեջ: Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Վարդանյանին։ Amnesty International-ը Վարդանյանի դատավճիռն արդարադատության նկատմամբ ծաղր է որակել: Ջարեդ Գենսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հայ գերիների ազատ արձակմանը նպաստելու իր հրապարակային խոստումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |