Մեցոլա․ Եվրոպան ի դեմս Հայաստանի տեսնում է ընկերոջ![]() 11 մարտի 2026 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան ի դեմս Հայաստանի տեսնում է ընկերոջ, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ Եվրոպական խորհրդարանն ու Հայաստանի ԱԺ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտ բերելու հարցում, հայտնում է Արմենպրեսը: «Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկերոջ: Հույս ունեմ, որ երբ Հայաստանն էլ նայում է Եվրոպային, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի»,- ասել է Մեցոլան։ Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովից հետո։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը համաձայնեցրել են ռազմավարական նոր օրակարգ։ Մեցոլայի գնահատմամբ՝ այդ քայլը նպաստելու է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացմանը, կուժեղացնի երկրի տնտեսական դիմակայունությունը, կխթանի իրավունքի գերակայությունը և կխորացնի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Եվրոպական խորհրդարանը նաև ողջունել է այն հանգամանքը, որ Հայաստանին ներկայացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ «Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում»,- ասել է ԵԽ նախագահը։ Մեցոլան նաև նշել է, որ անհամբեր սպասում են քննարկումների շարունակությանը, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ՝ ԵՄ–Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում։ Նա հավելել է, որ սպասում է նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել մայիսի սկզբին Երևանում։ Մեցոլայի խոսքով՝ ինքը նույնպես այդ օրերին լինելու է Երևանում՝ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել «ժողովրդավարության տանը», հայտնում է 1lurer.am-ը: «Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ուղին ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ: Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը»,- նշել է վարչապետը։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովը ընդունել է Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, որը, ըստ նրա, պատմական նոր փուլ է բացել ՀՀ–ԵՄ հարաբերություններում։ «Դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- ասել է նա։ Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը և ԵՄ-ն նախկինում համաձայնեցրել են ռազմավարական նոր օրակարգ, որը հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։ Նրա խոսքով՝ հայկական կողմը ակտիվորեն բանակցում է նաև վիզաների ազատականացման շուրջ։ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը աջակցություն է ստացել նաև ԵՄ խաղաղության գործիքի միջոցով, իսկ Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ «Ընդհանուր առմամբ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, որը տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տնտեսական համագործակցությունը նույնպես ունի բավականին մեծ օրակարգ։ 2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |