ԿԲ. Զեղծարարներն առաջարկում են ինտերնետ կապը բարելավել կամ 5G կապն ակտիվացնել հեռախոսում![]() 13 մարտի 2026 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Այս մասին պարզ է դարձել ինչպես ԿԲ-ի ստացած տեղեկություններից, այնպես էլ քաղաքացիների կողմից ներկայացված բազմաթիվ ահազանգերի ուսումնասիրությունից, հայտնում է Կենտրոնական բանկը: «Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։ Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ՝ խնդրելով. -միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing) -ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը Ուշադրություն. Եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և հաշվեհամարներին, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի։ ՀՀ կենտրոնական բանկը կրկին զգուշացնում է քաղաքացիներին. -Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing։ -Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։ -Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։ Կոչ ենք անում քաղաքացիներին լինել առավել զգոն և զգուշավոր, քանի որ նման խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |