Բրուներ․ Առաջիկա տարիներին առանց վիզայի ԵՄ ճանապարհորդելը ՀՀ քաղաքացիների համար իրատեսական է![]() 13 մարտի 2026 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ԵՄ ճանապարհորդելը ՀՀ քաղաքացիների համար իրատեսական է, ասել է Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները, հայտնում է Արմենպրեսը: Նա ընդգծել է, որ վիզաների ազատականացումը Հայաստան–ԵՄ գործընկերության կարևոր բաղադրիչներից է և այն կնպաստի աշխատանքի, ուսման ու զբոսաշրջության նպատակներով ճանապարհորդությունների հեշտացմանը՝ խորացնելով համագործակցությունն ու մարդկանց միջև կապերը։ «Անցյալ տարվա նոյեմբերին մենք փոխանցեցինք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, և այն ժամանակից ի վեր արձանագրվել է կայուն առաջընթաց, հատկապես փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում։ Կենսաչափական նույնականացման փաստաթղթերի ներդրումը կարևոր քայլ է, և ինչպես հասկանում եմ, այն շուտով կգործարկվի: Բարեփոխումները շարունակվում են նաև ապաստանի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ ԵՄ գործընկերների և այնպիսի գործակալությունների աջակցությամբ, ինչպիսիք են Europol-ը և Frontex-ը»,- նշել է ԵՄ հանձնակատարը։ Բրունները նշել է, որ վիզաների ազատականացումը չափանիշների վրա հիմնված գործընթաց է, և գործողությունների ծրագրում նշված բոլոր պահանջները պետք է ամբողջությամբ կատարվեն մինչև վերջնական որոշման ընդունումը։ Առաջընթացի առաջին զեկույցը նախատեսվում է ներկայացնել 2026 թվականի մայիսին կայանալիք Հայաստան–ԵՄ գագաթնաժողովում։ «Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ Դա նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար կրթության, բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների ոլորտներում և էլ ավելի կամրապնդի կապերը Հայաստանի և Եվրոպական միության միջև»,- հայտարարել է Մագնուս Բրունները։ ԵՄ հանձնակատարը Հայաստան է ժամանել մարտի 12-ին։ Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, ինչպես նաև մասնակցել է «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» թեմայով քննարկմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |