Նախագիծ․ ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը պետք է մակնշվի, խախտման համար տուգանք կսահմանվի

Նախագիծ․ ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը պետք է մակնշվի, խախտման համար տուգանք կսահմանվի

PanARMENIAN.Net - Առաջարկվում է պարտադիր մակնշել արհեստական բանականությամբ ստեղծված (սինթետիկ) բովանդակությունը, այդ թվում՝ deepfake նյութերը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախագիծ է ներկայացրել:

Նախագծի համաձայն՝ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պարտավոր կլինեն ապահովել, որ նման բովանդակությունն ունենա հստակ, լսելի կամ տեսանելի և ընթեռնելի մակնշում՝ «Գեներացված է ԱԲ-ի կողմից» կամ «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումով, հայտնում է Factor.am-ը:

Նշագրման պահանջը կիրականացվի տարբեր ձևերով՝ կախված բովանդակության տեսակից։ Տեսալսողական հաղորդումների դեպքում համապատասխան նշումը պետք է ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում, ինչպես նաև արտացոլվի նկարագրության դաշտում։

Լսողական հաղորդումների կամ ձայնային բովանդակությամբ այլ նյութերի դեպքում նշումը պետք է ներառվի երկու անգամ՝ հաղորդման սկզբում և վերջում, ինչպես նաև նկարագրության դաշտում։

Պատկերների դեպքում մակնշումը պետք է արտացոլվի անմիջապես պատկերի վրա և ներառվի նաև դրա նկարագրության դաշտում։

Եթե հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակություն չէ, ապա մակնշումը պետք է կիրառվի միայն այն հատվածում, որտեղ առկա է նման բովանդակություն։

Միևնույն ժամանակ պահանջը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ նյութը ունի ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային կամ մշակութային բնույթ, բացառությամբ այն իրավիճակների, երբ այն կարող է օգտագործվել ապատեղեկատվություն տարածելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է, որ պահանջների խախտման դեպքում կիրառվելու է տուգանք՝ կազմակերպության հասույթի 0.04 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---