Վարդևանյան․ Պրոբացիան այդպես էլ չի հաստատել, որ Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել![]() 18 մարտի 2026 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ դիրքորոշում չի տրամարդել, որ տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա հիշեցրել է, որ դատարանը մեկ ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը և նշել, որ դատական որոշումը չի բխում իրավունքից ու օրենքից։ «Ստացանք դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ: Դատական ակտը որևէ կերպ չի բխում իրավունքից և օրենքից ու շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է: Դատական նիստի ընթացքում, նույնիսկ հղում տալով Գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ դատարանը ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման, կամ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա՝ ուղիղ ստում էին: Իհարկե այս վարքագիծը նորություն չէ: Ցավով եմ արձանագրում այս ամենը: Դատարանն ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտով արձանագրել է, որ այդ հարցով թույլտվություն տրամադրող մարմինը քննիչն է(այն նույն Քննչականը, որը մեր դիմումները մերժել էր): Դրա մասին խոսում ենք դեռևս 2026 թվականի փետրվարի 12-ից և հենց վաղը կրկին կդիմեմ Քննիչին: Միաժամանակ նման, մեղմ ասած, անհարիր և տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին` քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ: Ցանկանում եմ բացահայտել նաև, որ Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել: Ի դեպ, Դատախազությունն օժտված է բացառիկ լիազորությամբ՝ վերացնելու դատարանի կիրառած խափանման միջոցը, ավելին՝ կարող է ընդհանրապես դադարեցնել այս ապօրինի քաղաքական հետապնդումը: Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-ասվում է գրառման մեջ: Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին, և հետագայում դատարանի որոշումներով կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, և այն լրացվել է նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |