Կանխվել է «Կանազում» բռնկված հրդեհի տարածումը դեպի 1-ին հարկ և հարակից բնակելի շենքեր

Կանխվել է «Կանազում» բռնկված հրդեհի տարածումը դեպի 1-ին հարկ և հարակից բնակելի շենքեր

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության պողոտայում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան շինությունում մարտի 25-ին բռնկված հրդեհը մարվել է: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շինության առաջին հարկ և հարակից բնակելի շենքեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարակից բնակելի շենքերի վտանգավոր տեղամասերից բնակիչների տարհանում դեպի անվտանգ տարածք։

Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղում աշխատանքներին ներգրավվել են Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, Հայաստանի էլեկտրական ցանցի և գազի վթարային ծառայության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---