Փաշինյան. Դուրս կգանք ՀԱՊԿ-ից թե ոչ, չեմ կարող ասել, կգործենք ըստ իրավիճակի

Փաշինյան. Դուրս կգանք ՀԱՊԿ-ից թե ոչ, չեմ կարող ասել, կգործենք ըստ իրավիճակի

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չեն ձեռնարկվի, այսինքն՝ ապասառեցում չի նախատեսվում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում:

«Մենք դե յուրե և վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից թե դուրս չենք գա՝ ուրիշ խոսակցություն է, չեմ կարող ասել, հետևաբար կգործենք ըստ իրավիճակի: Նույն տեղում չմնալը վերաբերում էր հարաբերություններին»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Նա ընդգծել է, որ նախընտրական ծրագրում հստակ ամրագրվել է՝ կազմակերպության շրջանակում աշխատանքների ակտիվացում չի նախատեսվում:

«Մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի, այսինքն՝ ապասառեցում չի նախատեսվում»,-ասել է Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսվել է ՀԱՊԿ-ի մասով նույն տեղում չմնալու մասին:

Նա պարզաբանել է, որ «նույն տեղում չմնալու» ձևակերպումը չի վերաբերում ՀԱՊԿ-ին անդամակցության ակտիվացմանը, այլ ընդհանուր հարաբերություններին։

Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։

 Ուշագրավ
---