Մինասյան․ «Հայաստան» դաշինքը մտադիր է ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն

Մինասյան․ «Հայաստան» դաշինքը մտադիր է ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել ԿԸՀ մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ընտրական ցուցակում ընդգրկվել է 213 թեկնածու, որոնցից 72-ը կին, 141-ը՝ տղամարդ։

Ցուցակը ներկայացնելուց հետո դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշել է, որ իրենց մասնակցությունը պայմանավորված է հաղթելու ակնկալիքով, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն և հասարակությունն այդ վստահությունը ներշնչում է մեզ։ Մեր շփումները, այդ ընթացքում մեր գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը տալիս է վստահություն, որ այս ընտրություններով փոփոխվելու է իշխանությունը, և ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրն իր առաջ ունենալով՝ գնա համագործակցության հետընտրական շրջափուլում»,- ասել է Մինասյանը։

Նա ընդգծել է, որ իրենք գնում են ընտրության շատ մեծ ձայն ստանալու համոզումով:

«Եթե չի հաջողվում ստանալ դա, ապա նաև ընդդիմադիր դաշտի հետ այնպիսի լայն համագործակցություն լինի, որը թույլ կտա այս իշխանություններին զրկելու վերարտադրվելու հնարավորությունից։ Անգամ եթե նույնիսկ կա քննադատություն, մենք կարող ենք հարգանքով մոտենալ այդ քննադատությանը, բայց որևէ ձևով չփակել համագործակցության ճանապարհն այս իշխանություններից ձերբազատվելու համար»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

 Ուշագրավ
---