Axios․ Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզը և դադարեցնել պատերազմը

Axios․ Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզը և դադարեցնել պատերազմը

PanARMENIAN.Net - Իրանը առաջարկել է ԱՄՆ-ին ապաշրջափակել Հորմուզի նեղուցը և ավարտել պատերազմը՝ միաժամանակ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղափոխելով ավելի ուշ փուլ։ Այդ մասին ապրիլի 27-ին հայտնել է Axios առցանց պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրների։

Հրապարակման համաձայն՝ դիվանագիտական գործընթացը մտել է փակուղի, իսկ Իրանի ղեկավարության ներսում միասնական դիրքորոշում չի ձևավորվել միջուկային ծրագրի հարցում զիջումների գնալու վերաբերյալ։

«Իրանի առաջարկը թույլ կտար շրջանցել այս խնդիրը՝ ավելի արագ հասնելով համաձայնագրի կնքմանը: Սակայն Հորմուզի նեղուցից շրջափակման վերացումը և պատերազմի ավարտը կզրկեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճնշման լծակից ապագա ցանկացած բանակցություններում, որոնք նպատակ ունեն հասնել նրան, որ Իրանը իր հարստացված ուրանի պաշարները տեղափոխի արտասահման և դադարեցնի դրանց հարստացումը», - հավելել են հեղինակները։

Axios-ի փոխանցմամբ՝ երեք ամերիկացի պաշտոնյաներ հայտնել են, որ Դոնալդ Թրամփն ապրիլի 27-ին նախատեսել է խորհրդակցություն անցկացնել ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի հետ՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Աղբյուրներից մեկը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են փակուղի մտած բանակցությունները և հնարավոր հետագա քայլերը։

Միևնույն ժամանակ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանը առաջարկել է բանակցությունները բաժանել երեք փուլի։ Առաջին փուլում նախատեսվում է հասնել համաձայնության պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, երկրորդում՝ քննարկել Հորմուզի նեղուցի կառավարումը, իսկ երրորդում՝ անդրադառնալ միջուկային ծրագրին։ Թեհրանը հրաժարվել է քննարկել վերջին հարցը, քանի դեռ նախորդ երկու կետերով համաձայնություն ձեռք չի բերվել, գրում է Deutsche Welle-ն:

Ապրիլի 26-ին Fox News-ին տված հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ մտադիր է շարունակել Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ հույս ունենալով, որ դա մոտակա շաբաթներին կստիպի Իրանին գնալ զիջումների։

Նույն հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ից բանակցողներ այլևս չեն մեկնելու Պակիստան՝ Իրանի շուրջ բանակցությունների համար։

«Եթե նրանք ցանկանան, մենք կարող ենք խոսել, բայց չենք ուղարկի մարդկանց 18-ժամյա ճանապարհի՝ հանդիպման համար», - հայտարարել է նա։

Ավելի վաղ Թրամփը չեղարկել է Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Իսլամաբադ, որտեղ պետք է անցկացվեր բանակցությունների հերթական փուլը։ Նույն օրը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին լքել է Պակիստանը։

Reuters գործակալությունը, հղում անելով իրանական ԶԼՄ-ներին, հայտնել է, որ Արաղչին նախատեսում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու «երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը, ներառյալ իրանա-ամերիկյան հակամարտությունը»։ Իրանի դեսպանությունը նշել է, որ այցը նվիրված է լինելու ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքին, հրադադարին և այլ «հակամարտության շուրջ զարգացումներին»։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Արաղչին հանդիպելու է նաև Վլադիմիր Պուտինի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Իրանի հետ բանակցությունները կավարտվեն «գերազանց գործարքով»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---