Անդրեասյան․ Անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանների թիվը մեծ է` մասնագետների պակաս կա![]() 29 ապրիլի 2026 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանների թիվը մեծ է, և այս ոլորտում ակնհայտ է մասնագիտական կադրերի պակասը, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ճարտարապետների պալատում քաղաքաշինության ոլորտի մասնագետների հետ քննարկման ընթացքում: Նա նշել է, որ վերջին տարիներին կառավարությունը էականորեն ավելացրել է հուշարձանների վերականգնման բյուջեն․ 2022 թվականի համեմատ 2025 թվականին հուշարձանների ամրակայման և վերականգնման ոլորտում պետական հատկացումներն աճել են ավելի քան 500 տոկոսով։ «Սակայն, այս աճը նաև լուրջ մարտահրավերներ է առաջացնում, քանի որ պահանջում է համապատասխան մասնագիտական կարողություններ և որակյալ կադրեր։ Մեր հիմնական նպատակը հուշարձանների վերականգնումն ու պահպանումն է․ այս աշխատանքներում ցանկացած անզգույշ կամ ոչ լիարժեք մասնագիտական քայլը կարող է հակառակ արդյունքի բերել»,- նշել է նա։ Անդրեասյանը ընդգծել է և կարևորել ԿԳՄՍ նախարարությունում գործող գիտամեթոդական խորհրդի դերակատարությունը, որը ապահովել է մասնագիտական ներգրավվածությունը թե՛ նախագծման, թե՛ վերականգնման և ամրակայման փուլերում՝ իրականացնելով համապատասխան վերահսկողություն։ «Մշակութային ժառանգության պահպանման և ապագա սերունդներին պատշաճ ձևով փոխանցման գործում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստմանը։ Անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանների թիվը մեծ է, և այս ոլորտում ակնհայտ է մասնագիտական կադրերի պակասը»,- ասել է նա՝ ընդգծելով բուհերի դերը մասնագետների պատրաստման, վերապատրաստման և կարողությունների զարգացման գործում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ առանձնացնելով լիցենզավորված կազմակերպությունների վարկանիշավորումը, գործընթացների թվայնացումը, տեխնիկական հսկողության թվային հարթակի ներդրումն ու քաղաքաշինական կադաստրի ստեղծման նախաձեռնությունները։ «Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակումը, որի շրջանակում ակնկալում եմ մասնագիտական հանրության ակտիվ ներգրավումը, որպեսզի համատեղ ուժերով մշակենք զարգացման հեռանկարներ և գտնենք խնդիրների կարգավորման արդյունավետ տարբերակներ»,- ասել է կոմիտեի նախագահը՝ շեշտելով համատեղ աշխատանքի կարևորությունը։ ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ բուհը նախաձեռնել է «Ճարտարապետություն» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը։ Նրա դիտարկմամբ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող փոփոխությունները պետք է զուգահեռաբար արտացոլվել են նաև ճարտարապետական գործունեության նոր կարգավորումներում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ճարտարապետությանն առնչվող երկու կարևոր հոբելյաններին՝ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկին և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակներին։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս իրադարձությունների կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ընդգծելով այդ ճարտարապետական համալիրների կարևորությունը։ Նա նաև նշել է, որ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |