Ֆոն դեր Լայեն. ՀՀ-ն կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար![]() 4 մայիսի 2026 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կապակցվածությունը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում։ Ֆոն դեր Լայենը նաև ներկայացրել է այն թեմաները, որոնք քննարկվելու են Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում։ Դրանք ընդգրկել են Եվրոպայի անկախությունը, հատկապես՝ էներգետիկ անկախությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև մատակարարման հուսալի շղթաները, հայտնում է Արմենպրեսը: Պաշտոնյան նշել է, որ Եվրոպան մեծապես կախված է ներմուծվող հանածո վառելիքից։ Այս կախվածությունը նվազեցնելու համար նա շեշտադրել է վերականգնվող և միջուկային էներգիայի նշանակությունը։ «Մենք պետք է ընդլայնենք էներգիայի արտադրության հնարավորությունները Եվրոպայում։ Դրանք ներառում են վերականգնվող էներգիայի աղբյուրները և միջուկային էներգիան, որոնք թույլ են տալիս մեզ էներգիա արտադրել ներսում։ Դրանք ավելի էժան են և ավելի հուսալի», - ասել է նա։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև կարևորել է պաշտպանության և անվտանգության հարցերը։ «Մենք պետք է ամրապնդենք մեր ռազմական կարողությունները, որպեսզի կարողանանք պաշտպանել ինքներս մեզ», - ասել է նա՝ հավելելով, որ դրա համար առկա են ներդրումային հնարավորություններ, և այժմ անհրաժեշտ է արագացնել ռազմական արտադրության զարգացումը։ Որպես երրորդ կարևոր ուղղություն ֆոն դեր Լայենը նշել է մատակարարման հուսալի շղթաները՝ ընդգծելով համագործակցությունն ազատ առևտրի համաձայնագրեր ունեցող երկրների հետ։ Նա առանձնացրել է Լատինական Ամերիկան, Հնդկաստանը և Ավստրալիան։ Այս համատեքստում նա ընդգծել է նաև Հայաստանի դերը Եվրոպայի մատակարարման շղթաներում։ Նա հավելել է, որ Հայաստանը «կարևոր» դեր է կատարում հատկապես Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ապահովման հարցում։ Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |