Միրզոյան․ Բաքվի հետ չլուծված հարցեր կան, պահվող անձինք ունենք

Միրզոյան․ Բաքվի հետ չլուծված հարցեր կան, պահվող անձինք ունենք

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ կան չլուծված հարցեր, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ընթացքում՝ հիշեցնելով, որ Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ։

«Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են։ Երկու համայնքներն էլ դեռևս իրական հաշտեցման կարիք ունեն։ Չլուծված հարցերը մասնավորապես հումանիտար բնույթի են, ինչպես նաև պահվող անձինք ունենք։ Այնուամենայնիվ, ուղին շատ լավատեսական է»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

ՀՀ ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ իրական խաղաղություն կա, քանի որ սահմանին կրակոցներ չկան։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
---