Բաքուն «սադրանք» է անվանել ռուսական հեռուստաեթերում Լեռնային Ղարաբաղի քարտեզի ցուցադրումը

Բաքուն «սադրանք» է անվանել ռուսական հեռուստաեթերում Լեռնային Ղարաբաղի քարտեզի ցուցադրումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրիչ և անթույլատրելի» է անվանել ՌԴ պետական Առաջին ալիքով Լեռնային Ղարաբաղի քարտեզի ցուցադրումը:

«Ադրբեջանի Հանրապետության խեղաթյուրված քարտեզի ցուցադրումը ռուսական պետական Առաջին ալիքի «ժամանակը ցույց կտա» («Время покажет») մայիսի 6-ի հաղորդման ժամանակ, ինչպես նաև քարտեզում գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը լուրջ սադրանք է և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, գրում է APA-ն:

Ըստ նրա՝ ՌԴ պետական հեռուստատեսությունը տարածում է «անջատողականությունը խրախուսող նարատիվներ»:

«Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականությունը խրախուսող նարատիվների տարածումը, չնայած ռուսական կողմի հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, փոխադարձ հարգանքին և բարիդրացիությանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Բաքուն հայտարարել է, որ պարզաբանումներ է ակնկալում ռուսական կողմից:

Ավելի վաղ Ալիևը, որը տեսակապով միացել էր Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մեղադրանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին՝ նշելով, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը նույնքան արժեք ունի, որքան ցանկացած այլ երկրի, և երկակի չափանիշներն անթույլատրելի են»:Ըստ Ալիևի՝ Եվրախորհրդարանը «խաղաղ գործընթացին աջակցելու փոխարեն զբաղվում է այն խաթարելով»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---