Եվրոպական ցանցը մտահոգված է ՀՀ ՄԻՊ անկախության երաշխիքներին հակասող օրենսդրության դրույթներով

Եվրոպական ցանցը մտահոգված է ՀՀ ՄԻՊ անկախության երաշխիքներին հակասող օրենսդրության դրույթներով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ, հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Այդ մասին ասվումէ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի պաշտոնական հաղորդագրությամբ տարածված բաց նամակում:

Միջազգային կառույցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական և օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշներին։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն ընդգծել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է անկախության և վստահելիության հանգամանքը հավաստող «A կարգավիճակ»՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների հավատարմագրումն իրականացնող միջազգային մարմնի կողմից, ինչը վկայում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին՝ ՄԻՊ հաստատությունների համար սահմանված միջազգային չափանիշներին կառույցի համապատասխանության մասին։

Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ չհիմնավորված միջամտությունները կարող են վտանգել իրավունքի գերակայությունը։

Անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ թեև օրենքով վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման դեպքերի ուսումնասիրության լիազորություններից նախատեսված բացառությունների շարքում ուղղակիորեն նշված չէ Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի ՄԻՊ հաստատության անկախությունը, այնուամենայնիվ, երաշխավորվում է սահմանադրական և քրեական օրենսդրության միջոցով։

Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ ամրագրում է Պաշտպանի անկախության, գործունեությանը միջամտելու անթույլատրելիության, գործառութային անձեռնմխելիության, ՄԻՊ հաստատության տարածքի և նամակագրության անձեռնմխելիության, Պաշտպանից բացատրություն պահանջելու կամ նրան հարցաքննելու անթույլատրելիության, Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և այլ հաղորդումների գաղտնիության, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության երաշխիքները։

Միջազգային կառույցը շեշտել է, որ մարդու իրավունքների ազգային հաստատություններին վերաբերող միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի այդ կառույցները կարողանան գործել քաղաքական ազդեցությունից անկախ, հնարավորություն ունենան ազատ քննարկելու իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած հարց, իսկ հաստատության անդամներն ու աշխատակիցները պաշտպանված լինեն հաստատության անկախ գործունեությանը խոչընդոտող ցանկացած փորձից։

Ավելին, պետությունները պարտավորվել են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները ցանկացած բնույթի սպառնալիքներից պաշտպանելու նպատակով, ինչը նաև ենթադրում է, որ ՄԻՊ հաստատությունների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հավաքված գաղտնի տեղեկատվությունը պետք է ունենա հատուկ պաշտպանության կարգավիճակ և անհարկի չհրապարակվի։

Նշված հանգամանքների լույսի ներքո Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել այն մասին, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ ԿԿՀ-ին քննություն իրականացնելու լիազորություններ տրամադրող օրենսդրական դրույթները հակասում են ներպետական, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին և կարող են թուլացնել հաստատության՝ որպես ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանող անկախ կառույցի միջազգային ճանաչումը։

Հաղորդագրությամբ նաև ընդգծվել է, որ Պաշտպանի գործունեությունը արտաքին վերահսկողության ենթարկելը անհամատեղելի է հաստատության աշխատանքի գաղտնի բնույթի հետ, իսկ ՄԻՊ հաստատության անկախությունը հանդիսանում է անհատների կողմից խորհրդապահական եղանակով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի ապահովման անբաժանելի բաղադրիչ։

Նշվածի հիման վրա Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ուղղությամբ իրականացվող նրա գործունեությանը՝ կոչ անելով Հայաստանի պետական իշխանություններին քայլեր ձեռնարկել ԿԿՀ օրենքի տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանի անկախության իրավական երաշխիքները հստակեցնելու և մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախությանը վերաբերող միջազգային չափանիշները պահպանելու համար։

 Ուշագրավ
---