Ֆիթնես մարզիչներն այլևս չեն կարողանա առանց հավաստագրի աշխատել

Ֆիթնես մարզիչներն այլևս չեն կարողանա առանց հավաստագրի աշխատել

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվել են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, ինչպես նաև հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։

Նոր կարգավորման նպատակն է ապահովել ոլորտում գործունեություն իրականացնող ֆիթնես մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատումն ու ծառայությունների որակի բարձրացումը։

Կարգը տարածվում է ֆիթնես ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների վրա՝ անկախ դրանց սեփականության ձևից։

Հավաստագրման համար կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն կամ հարակից ուղղություններով՝ աերոբիկա, յոգա, պիլատես, բոդիֆլեքս, զումբա, սթրետչինգ, առնվազն միջին մասնագիտական կրթություն և համապատասխան վերապատրաստման վկայական։ Դիմելու իրավունք ունեն նաև առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող մարզիչները։

Նոր կարգով համապատասխան բարձրագույն կրթություն չունեցող մարզիչների համար վերապատրաստումը դարձել է պարտադիր։ Այն պետք է ներառի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, սպորտային բժշկության, առաջին բուժօգնության, էնդոկրինոլոգիայի, վնասքաբանության, սննդաբանության հիմունքների, վարժությունների մեթոդիկայի և անվտանգության կանոնների թեմաները։

Սահմանվել է, որ վերապատրաստման տևողությունը չի կարող պակաս լինել 144 ժամից, իսկ գործնական հատվածը չի կարող իրականացվել հեռավար ձևաչափով։

Վերապատրաստման վկայական ստանալու համար մասնակիցները պետք է հաղթահարեն գիտելիքների ստուգման նվազագույն շեմը, որը սահմանվում է վերապատրաստում իրականացնող կազմակերպության ծրագրով։

Վկայական ստացած մասնագետները կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ հավաստագիր ստանալու նպատակով։ Հավաստագիրը տրամադրվելու է հինգ տարի ժամկետով։

Կարգի համաձայն՝ աշխատանքի նոր ընդունված և դեռևս չհավաստագրված մարզիչները պարտավոր են մեկ ամսվա ընթացքում դիմել հավաստագրման։

Հավաստագիր ստանալու դիմումները ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով։ Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի պատճենը, կրթությունը կամ աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, վերապատրաստման վկայականը և լրացված դիմումը։

Սահմանված պահանջները չպահպանելու կամ հավաստագրի բացակայության դեպքում կազմակերպությունների նկատմամբ կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։

ԿԳՄՍ նախարարությունում ընդգծել են, որ կարգի ընդունումը պայմանավորված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---