ICJ. Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահանջներին![]() 19 մայիսի 2026 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) ծավալուն զեկույց է հրապարակել Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահանջներին: Զեկույցը նաև կոչ է անում Եվրոպայի խորհրդին՝ ստանալ մուտք՝ բողոքարկման հնարավոր դատական նիստերը դիտարկելու նպատակով։ Քննարկելով Ադրբեջանի արդարադատության համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու խախտումները՝ զեկույցում մանրամասնորեն վերլուծվել են Բաքվում դատվող հայերի դեմ իրականացված դատավարությունները՝ միջազգային չափանիշների լույսի ներքո, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը: «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս մտահոգությունները ներկայացնում են իրենց ամենասուր դրսևորմամբ»,- նշվում է զեկույցում։ Հստակ արձանագրվում է , որ այդ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին։ «Հրապարակային հասանելի աղբյուրների համաձայն՝ հայերի դատավարություններն ուղեկցվել են այնպիսի գործելակերպերով, որոնք խախտում են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները: Դրանք անցկացվել են ռազմական դատարանում՝ առանց որևէ հիմնավորման, թե ինչու քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է կիրառվեր ռազմական իրավազորություն։ Մեղադրյալները զրկվել են իրենց ընտրած փաստաբանի արդյունավետ օգնությունից։ Պետության կողմից նշանակված փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի այն ապացույցներին, որոնց անձամբ ականատես են եղել։ Գործի նյութերը կամ չեն տրամադրվել, կամ տրամադրվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել։ Պաշտպանության միջնորդությունները համակարգված կերպով մերժվել են՝ առանց հիմնավորման, և չեն ներառվել դատավարության արձանագրություններում։ Թարգմանությունը եղել է անբավարար կամ ընդհանրապես բացակայել է, իսկ հանրային հասանելիությունը, այդ թվում՝ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների համար, մերժվել է։ Այս համակարգային թերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են գործադիր իշխանության ազդեցությունը, դատախազության վերահսկողությունը և փաստաբանների անկախության սահմանափակումները միասին հանգեցնել այնպիսի դատավարությունների, որոնք չեն համապատասխանում արդար դատաքննության, կողմերի հավասարության և հանրային վերահսկողության միջազգային չափանիշներին ու մարդու իրավունքների պահանջներին։ Ինչպես վերլուծվում է այս զեկույցում, այս դատավարությունները ոչ թե առանձին շեղումներ են հաստատված պրակտիկայից, այլ արտացոլում են ավելի լայն համակարգային խնդիրներ»,-ասվում է զեկույցում։ Լրացուցիչ նշվում է նաև, որ դատավարությունները հիմնականում անցկացվել են փակ դռների հետևում, թույլատրվել է միայն պետական լրատվամիջոցների ներկայությունը․ միջազգային դիտորդներին, օտարերկրյա լրատվամիջոցներին և մեղադրյալների ընտանիքի անդամներին արգելվել է մասնակցել դատական նիստերին. «Թափանցիկության բացակայության պայմաններում առկա տեղեկատվության մեծ մասը վերաբերում է Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությանը։ Վարդանյանը հանրային գործառույթներ է ստանձնել Լեռնային Ղարաբաղում միայն 2022 թվականի վերջին, սակայն դատախազությունը նրան մեղադրանքներ է առաջադրել՝ սկսած 1988 թվականից, չնայած այն փաստին, որ այդ ժամանակ նա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։1988 թվականին իբր տեղի ունեցած գործողությունների համար Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ավելի քան երեք տասնամյակ անց և միայն այն բանից հետո, երբ նա ստանձնեց հանրային պաշտոն, առաջացնում է հիմնարար մտահոգություններ օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Այդ ժամանակահատվածում Վարդանյանը որևէ քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում և չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների ենթադրյալ գործողությունները հետագայում կարող են հիմք դառնալ քրեական մեղադրանքների համար՝ քաղաքական գործունեություն սկսելուց հետո»,-ասվում է զեկույցում: Զեկույցը մի շարք առաջարկություններ է ներկայացրելԱդրբեջանի գործադիր իշխանություններին, դատախազությանը, դատական իշխանություններին և խորհրդարանին: Դատական իշխանություններին հորդորվում է «ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործերով ցանկացած բողոքարկում քննվի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից։ Ապահովել գործի նյութերի տրամադրումը պաշտպանության կողմին մեղադրյալի համար հասկանալի լեզվով և ապահովել պաշտպանության նախապատրաստման համար բավարար ժամանակ և հնարավորություններ բոլոր դատավարական փուլերում, ներառյալ բողոքարկման ընթացքում»։ 2024-ի հունվարին ԵԽԽՎ-n մերժել է հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Որոշման հիմքում եղել են քաղաքական պատճառներով ազատազրկումները, Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցողների՝ պահվող անձանց հետ հանդիպելու անհնարինությունը, Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայությունը, «էթնիկ զտումների» վերաբերյալ արժանահավատ պնդումները, ինչպես նաև Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային մեխանիզմների հետ չհամագործակցելը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |