Դատախազությունը խախտումներ է գտել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում![]() 20 մայիսի 2026 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում: Դատախազությունը մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: Դատախազությունը տեղեկացրել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը։ «Ուսումնասիրությամբ ձեռք բերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հաղորդման հիման վրա 2026 թվականի մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով։ Հաղորդման հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ։ ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով։ Գնման առաջարկ են ներկայացրել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունները։ 2001 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին ընկերությունը Պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ տնօրենների խորհուրդը, առանց պատճառաբանության, մերժել է ներդրումային ծրագիրը։ ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317,003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը։ Նույն որոշման 2-րդ կետով մասնավորեցվող բաժնետոմսերի գինը սահմանվել է 200,000 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ նշվել է, որ «Ռոբերտո» ընկերության հիմնադիրները եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250,000 բելգիական ֆրանկ։ Ընկերության ընդհանուր կապիտալը կազմել է 750,000 ֆրանկ, որը համարժեք է եղել 18,592 եվրոյի»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ «Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, որը ՀՀ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է և Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը։ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման վերաբերյալ կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետային սահմանափակման։ «2003 թվականի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 2008 թվականի դեկտեմբերի 18-ին»,-ասվում է հայտարարության մեջ: Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շնողում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շուտով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական: Փաշինյանը հավելել է, որ Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին «շնորհավորում է ազատագրման առիթով»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |