Բանակի նոր զինանշանը․ «Արծիվը փակ կտուցով էր, ինչը համարվում է ոչ մարտական վիճակ»

Բանակի նոր զինանշանը․ «Արծիվը փակ կտուցով էր, ինչը համարվում է ոչ մարտական վիճակ»

PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈւ զինանշանը փոխվել է: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը»,- տեսանյութին կից գրել է նա:

Տեսանյութում ասվում է, որ նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ «արծիվը պատկերված է փակ կտուցով», իսկ «հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը»:

Նշվում է նաև, որ բացակայում է արծվի իրանը՝ այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր, բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը, ինչն առաջացնում է «անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար»:

«Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է, մինչդեռ ՀՀ բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է:

Զինանշանի նախկին տարբերակում պետական դրոշը պատկերված կոպտագույն սխալով՝ ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների, ինչը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն»,- ասում է տեսանյութում:

Նոր զինանշանի վերին հատվածում պատկերված է ՀՀ պետական դրոշի եռագույնը և ՀՀ քարտեզը:

 Ուշագրավ
---