Кommersant. ՌԴ-ն զգուշացրել է ՀՀ-ին գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին![]() 27 մայիսի 2026 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է միակողմանիորեն սառեցնել կամ չեղարկել Հայաստանի հետ 2013 թվականին ստորագրված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիություն անդամակցելու գործընթացը։ Այդ մասին ասվում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում, գրում է «Կոմերսանտը»: «Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացման ուղղությամբ շարունակվող գործնական քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցելու հայտարարված ձգտումը վտանգի տակ են դնում ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասված է նամակում։ Նամակում Սերգեյ Ցիվիլևը նշել է նաև, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի փորձերը «չեն համապատասխանում մեր երկրների կառավարությունների և տնտեսվարող սուբյեկտների միջև տասնամյակների ընթացքում հարգանքի և փոխշահավետության հիման վրա ձևավորված գործընկերության բնույթին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի կենսական կարևորության կարիքները արտոնյալ պայմաններով ապահովելու նպատակով բազմիցս իրականացված գործնական քայլերին»։ 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը անժամկետ վերացրել է Հայաստան մատակարարվող գազի, նավթամթերքի և ադամանդների արտահանման մաքսատուրքերը։ Այդ որոշումն ընդունվել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացով։ Համաձայնագրով նախատեսված է, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է գազ և նավթամթերք՝ ներքին սպառման ծավալներին համապատասխան, իսկ երրորդ երկրներ վերաարտահանումը արգելված է։ Փաստաթղթում նաև սահմանվել է, որ համաձայնագրի դադարեցման դեպքում Հայաստանի պարտավորությունները փոխհատուցումների մասով պահպանվում են մինչև ամբողջական կատարումը։ Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Գազի գնի հարցում մենք հասել ենք հստակ ռազմավարական պայմանավորվածությունների և դրանք պետք է պահպանվեն»։ Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին նշել է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական։ Նրա խոսքով՝ «նման ռեժիմը անհնար է այլ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների համար»: 2025 թվականին «Գազպրոմ»-ը Հայաստան է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս շուրջ 476 միլիոն խորանարդ մետր գազ մուտք է գործել Իրանից՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Այդ ծրագրով Հայաստանը Իրան է արտահանել էլեկտրաէներգիա, իսկ Իրանը՝ բնական գազ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |