Մայիսի 30-ից ՌԴ-ն սահմանափակում է լոլիկի, վարունգի, ելակի և այլ գյուղմթերքի ներմուծումը ՀՀ-ից![]() 28 մայիսի 2026 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում ծագումով Հայաստանից և ՀՀ-ից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ: Գերատեսչությունը հայտնել է, որ որոշումը կայացվել է Ռուսաստան ներկրվող հայկական մրգի և բանջարեղենի մատակարարումների ընթացքում խախտումների հաճախակիացման և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի բուսասանիտարական վիճակի համար։ Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզորի», Հայաստանի համապատասխան մարմինը նախկինում արձանագրված խախտումների ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2026 թվականի մայիսի 21-27-ը «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ է իրականացրել Հայաստանի ձեռնարկություններում։ «Ստուգումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ջերմոցային համալիրներում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային համարվող օբյեկտներ։ Գերատեսչության տվյալներով՝ 2026 թվականի ընթացքում հայկական մրգի և բանջարեղենի ներմուծման ժամանակ նման դեպքեր արձանագրվել են 181 անգամ»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Ռոսսելխոզնադզորը» նաև հայտնել է, որ իր տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեծ ծավալի միրգ և բանջարեղեն Ռուսաստան է մատակարարվում բազմաթիվ հայկական արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից, որոնց սեփականության ձևը հայտնի չէ, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից։ Գերատեսչության գնահատմամբ՝ դա վկայում է այն մասին, որ հայկական կողմի մոտ բացակայում է Ռուսաստան արտահանվող արտադրանքի հետագծելիության համակարգը։ Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Խոսքը վերաբերում է բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |